Հուլյան օրացույցով Յ.Ս. Բախի ծննդյան օրը հանճարեղ կոմպոզիտորի «Մագնիֆիկատ»-ը երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված համերգին ներկայացրին այս մեծակտավ ստեղծագործությունը: Երեկոյին որպես մենակատարներ հանդես եկան Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Նունե Գրիգորյանը (սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո սոպրանո), Միքայել Գրիգորյանը (տենոր) և Կիմ Սարգսյանը (բաս): «Մագնիֆիկատ»-ի կատարումն առանձնացավ բացառիկ վարպետությամբ և հիացրեց ունկնդրին:

«Շատ ուրախալի է, որ չենք մոռանում Բախի ծննդյան օրը, ուրախալի է, որ հնչում է Մագնիֆիկատը: Չեմ հիշում, թե Հայաստանում Մագնիֆիկատը երբ է հնչել կամ երբևէ հնչել է, բայց լավ է, որ կատարվում է: Ուրախալի էր տեսնել բեմում Երևանի պետական կամերային երգչախումբը. իր բազմավաստակ ղեկավարի կորստից հետո երգչախումբը պատվով հանդես եկավ: Ջանլուկա Մարչանոն մեր երաժշտության լավագույն բարեկամներից է, կարողացավ պատվով ու բարձր մակարդակով ներկայանալ բեմում: Մենք հաղորդակից դարձանք բարձր արվեստին»,-նշեց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ շնորհավորեց ներկաներին համերգի առթիվ: «Մեզ վեհացնողը քրիստոնեական արվեստն ու մշակույթն է, իսկ Բախը քրիստոնեական մշակույթի վերին շերտերն է մատուցում մարդկությանը: Երանի, որ նման կատարումները հաճախ լինեն մանավանդ մերօրյա կյանքում»,-նշեց նա:

Նշենք, որ համերգին հնչեց նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան: Երկու ստեղծագործությունների ավարտին հնչած երկարատև հոտնկայս ծափահարությունները հանդիսատեսի հիացմունքի վառ վկայությունն էին:

22 Մարտ, 2021 13:56
79
; ;