ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 100-օրյա պաշտնավարման արդյունքները՝ ըստ ուղղությունների։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Նշվում է, որ վերանայման փուլում է «Կրթության զարգացման 2021-2025 թվականների ռազմավարությունը, որի աշխատանքներն առկախվել էին պատերազմի պատճառով: Միջազգային գործընկերների, այդ թվում Ասիական զարգացման բանկի և Յունիսեֆի փորձագիտական աջակցության շնորհիվ փաստաթղթի գործունեության պլանը ներառում է ինչպես ֆինանսական գնահատական, այնպես էլ գործողությունների հստակ ժամանակացույց՝ մշտադիտարկման և գնահատման պլանով:

Բարձրագույն և հետբուհական  մասնագիտական կրթության ոլորտ

  • Ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
  • Լրամշակվել և շրջանառության մեջ են ՀՀ կառավարության որոշումների համապատասխան նախագծերը, որոնցով նախատեսված են բակալավրի կրթական աստիճանով ընդունելության նոր մոտեցումների և մեխանիզմների ներդրում, ինչպես նաև 2021/2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մուտքային պահանջների հստակեցում (դիմորդները կհանձնեն միայն մասնագիտական քննություն):
  • Մշակվել են բարձրագույն կրթության մի շարք ոլորտների որակավորումների բնութագրերը: Կհստակեցվեն նախատեսվող 7 որակավորումների ոլորտային շրջանակները, և կկազմվեն համապատասխան աշխատանքային խմբեր՝ ուսումնառության վերջնարդյունքների հիմքով բնութագրերը մշակելու համար:
  • Կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներին, մասնակից անձանց սովորող երեխաներին և սովորող ամուսնուն՝ ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորելու պարագայում: Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել շուրջ 1400 ուսանողի, փոխհատուցվելու է ևս շուրջ 2840 շահառուի ուսման վարձ /590 440.6 հազար դրամ/:
  • «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հետ համագործակցությամբ նախաձեռնվել է բուհերում անվճար տեղերի բաշխման ուսումնասիրությունը, որի հիման վրա կվերանայվի ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ տեղերի քանակն ըստ պետության կարիքի, ռազմավարական թիրախների, աշխատաշուկայի ներկայիս և ապագայի պահանջների: Ուսումնասիրության արդյունքները պետական քաղաքականության հիմքում կներդրվեն 2022-2023 ուսումնական տարվանից:
  • Անցկացվել է «Լավագույն ուսանող» մրցույթը, որի շրջանակում 2020 թ․-ի արդյունքներով հաղթող ճանաչված 38 ուսանող պարգևատրվել է հավաստագրերով, ԿԳՄՍ դրամաշնորհներով հրատարակված գրքերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով՝ 1-ին տեղ` 41000,  2-րդ տեղ՝ 305.000 և 3-րդ տեղ՝ 220.000 ՀՀ դրամ:  

Գիտության ոլորտ

  • Մշակման փուլում է «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման 2021-2025 թթ. ռազմավարությունը», որն ակներևաբար ներառելու է պատերազմի իրողությամբ պայմանավորված վերանայումներ:
  • Մշակվում է «Գիտության ոլորտում բարեփոխումների և պետական ներդրումների ճանապարհային քարտեզը», որի շրջանակում նախատեսվում է, հստակեցնելով ֆինանսական կարիքները, մշակել ոլորտի զարգացման գործողությունների պլանը:
  • Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման նպատակով հայտարարվել է 4 մրցույթ, որոնց մասնակցելու համար ներկայացվել է շուրջ 760 հայտ. դրանք գտնվում են փորձաքննության փուլում:
  • Ամփոփվել է կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված գիտական թեմաների ընտրության մրցույթը, որի արդյունքում 2020 թ. դեկտեմբերից ֆինանսավորվում են 4-5 անձից բաղկացած 15 գիտահետազոտական խմբեր։
  • Ամփոփվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի հայտարարած գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության  մրցույթը, որի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 38 գիտական ծրագիր։
  • «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում լրացուցիչ ֆինանսավորման է երաշխավորվել 7 հայտ, որով նախատեսվում է ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացում:
  • Ամփոփվել է «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» մրցույթը:
  • Առաջիկայում կհայտարարվի Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության հետ կնքված համաձայնագրի շրջանակում կազմակերպվող գիտական ու գիտատեխնիկական համատեղ նախագծերի աջակցության երրորդ մրցույթը:
  • Ընթացքի մեջ է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2021-2025 թվականների ռազմավարական ծրագրի մշակումը: «Horizon Europe» հետազոտության և նորարարությունների շրջանակային ծրագրին Հայաստանի ասոցացման ուղղությամբ ընթանում են տեխնիկական բանակցություններ:
  • 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի մարտ ժամանակահատվածում բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել և մուտքագրվել է գիտական աստիճանի 44 որակավորման գործ: Հանձնվել է 52 գիտական աստիճանի վկայագիր, որից` 7 դոկտորի և 45 թեկնածուի: Մերժվել է 1 գիտական աստիճանի և քննարկման է ուղարկվել 4 որակավորման գործ: Հանձնվել է գիտական կոչման 19 դիպլոմ, որից`  2 պրոֆեսորի,  17 դոցենտի:
  • Բուհերից և գիտական կազմակերպություններից ստացվել է գիտական կոչման 54, օտարերկրյա պետություններում շնորհված գիտական աստիճանի համապատասխանեցման 4 որակավորման գործ: Ըստ այդմ` տրվել է 3 գիտության թեկնածուի գիտական աստիճանի համապատասխանեցման հավաստագիր:
  • Վերանայվել է ընդունելի գիտական պարբերական հրատարակությունների ցուցակը: Ստուգվել և թվայնացվել է 52 ատենախոսություն:
  • Ընթացքի մեջ է որակավորման քննությունների ծրագրերի մշակումն ըստ ՀՀ գիտական աստիճանաշնորհման անվանացանկի:

Նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտ

  • Հաստատվել է «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգը:
  • Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ կազմվել է ՄԿՈՒ ոլորտի օրենսդրության փոփոխությունների փաթեթը, որը քննարկվել է կազմակերպված համաժողովի ընթացքում։ Քննարկման արդյունքներով պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծը։
  • Միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում հուշագրեր են ստորագրվել Շիրակի մարզի ՄԿՈԻ 4 հաստատության և բիզնես ընկերությունների միջև, մշակվել են ՀՀ-ում ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների վավերացման համակարգի բարելավման վերաբերյալ երաշխավորությունները, «Աշխատանքի վրա  հիմնված ուսումնառությունը Հայաստանում. ՄԿՈՒ համակարգում պրակտիկայի բարելավում» և «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայկական մոդելի՝ ՆՄԿՈՒ հաստատության կողմից առևտրային գործունեության իրականացվելիության գնահատում» հայեցակարգերի նախագծերը:
  • Իրականացվել է «Հեռավար ուսուցման մեթոդաբանություն և կիրառվող գործիքակազմ» կարճաժամկետ ուսուցման ծրագիր՝ տնօրենների, դասախոսական և վարչական անձնակազմի համար, ինչպես նաև շարունակվել է դուալ ուսուցման փորձնական ծրագիր իրականացնող հաստատությունների ուսումնաարտադրական բազայի համալրումը:
  • 2021 թ.-ին նախատեսվում է ՆՄՄԿ պետական կրթական չափորոշիչների և համապատասխան մոդուլային ծրագրերի մշակում /12 հատ/ և վերանայում /20 հատ/, ինչպես նաև ՆՄՄԿ համակարգի տնօրենների, մանկավարժական անձնակազմի, չափորոշիչներ մշակող փորձագետների, ՄԿՈՒ համակարգին առնչվող աշխատակիցների վերապատրաստումներ /1035 անձ/:

Նախադպրոցական կրթության ոլորտ

  • Հաստատվել են նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը՝ նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերում այլընտրանքային մոդելներով համապատասխան ծառայությունները ապահովելու համար։
  • Մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ հաստատման են ուղարկվել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը, ինչպես նաև օրինակելի կանոնադրությունը:
  • Մշակվել և ներկայում շրջանառվում է «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
  • Մշակվել և ներկայում շրջանառվում են «Պետական և համայնքայիննախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական և ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները և գործակիցները հաստատելու մասին» և «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը։

Հանրակրթության ոլորտ

  • Փոփոխության են ենթարկվել և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության կարգը և օրինակելի կանոնադրությունը։
  • Փոփոխության է ենթարկվել ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, որի համաձայն՝ նախատեսվում է 3000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ուսումնական հաստատությունների համար ձևավորել միացյալ խորհուրդ՝ դրանով իսկ հնարավոր դարձնելով խուսափել փոքր համայնքներում խորհուրդների ձևավորման ընթացքում շահերի բախման ռիսկերից: Միաժամանակ ներդրվել են ռոտացիոն կարգեր մանկավարժական և ծնողական խորհուրդների ներկայացուցիչ-անդամների համար՝ այդ կերպ նպաստելով առավել մասնակցային խորհուրդների ձևավորմանը:
  • Հաստատվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը:
  • Փոփոխությունների է ենթարկվել «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի՝ իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների սահմանվող հաշվարկով։
  • Մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ իրականացվող 0,75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ հեռավար կրթության հարթակի մշակման տեխնիկական աջակցության դրամաշնորհային ծրագիրը, որը նախաձեռնվել է ԿԳՄՍ-ի հետ խորհրդակցաբար՝ Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթության զարգացման նպատակով: Վերջինիս շրջանակում ԱԶԲ-ի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ համագործակցությամբ մշակվել է Հեռավար ուսուցման պլատֆորմի մշակման և գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվական կազմակերպության տեխնիկական առաջադրանքը, որին համապատասխան ԱԶԲ-ի կողմից կազմակերպված միջազգային մրցույթում հաղթած կոնսորցիումի կողմից սկսվել են հեռաուսուցման հարթակի մոդելավորման և նախագծման աշխատանքները: Նախատեսվում է, որ հարթակի ստեղծումը կտևի շուրջ մեկ տարի և կծառայի ինչպես կրթական, այնպես էլ Հայաստանի վերափոխման ռազմավարությունից բխող այլ նպատակադրումների:
  • Հաստատվել է «Կրթության միջազգային գործընկերության» («Global Partnership for Education (GPE)») միջազգային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության ներկայացրած ծրագրային հայտը՝ 522695 ԱՄՆ դոլար ֆինանսական աջակցության ծավալով: Դրամաշնորհային միջոցների հաշվին տեղական և միջազգային փորձագետների ներգրավմամբ 2021 թվականի ընթացքում իրականացվելու են հանրակրթության ոլորտի տարբեր բաղադրիչների ծավալուն ուսումնասիրություններ՝ նախանշելու հետագա բարեփոխումների ուղղությունները: Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է մասնակցային հիմունքներով՝ ի դեմս այդ նպատակներով ստեղծված տեղական կրթական խմբի, որի մեջ, նախարարությունից զատ, ներառված են կրթության հիմնախնդիրներով շահագրգիռ միջազգային գործընկեր կառուցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: GPE-ի ծրագրի ընթացակարգի համաձայն՝ տեղական կրթական խմբի կողմից մասնակցային հիմունքներով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ճանաչվել է որպես ծրագրային հայտի դրամաշնորհի գործակալ, իսկ Ասիական զարգացման բանկը՝ համակարգող գործակալություն: Նախարարության կողմից տվյալ նախաձեռնությունը կարևորվում է նաև նրանով, որ հանրակրթության բարեփոխումներում ապահովվել է մասնակցային գործընթացի ինստիտուցիոնալացումը:
  • 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգը, որով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են առավել բարենպաստ պայմաններ։ Ստեղծվել է kadrer.emis.am կայքը, որով նախարարությունը կվարի մասնագետների էլեկտրոնային շտեմարան՝ թվայնացնելով գործուղման գործընթացը։
  • 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը, որով բարելավվել են ծառայություններից օգտվելու պայմանները։
  • 2020 թվականին մեկնարկած 16 համայնքներում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը կավարտվի 2021 թվականին։ Ուսումնասիրվել և կազմվել է ևս 30 համայնքների ցանկ, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցների կառուցում հաջորդ փուլում։ Աշխատանքներն ընթանում են 16 համայնքներում։ Նախատեսվում է փոքրաքանակ աշակերտական համակազմով համալրված համայնքներում մոդուլային դպրոցների թիվը 2024 թ.-ին հասցնել 63-ի:
  • ՀՀ պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը 10 պետական հանրակրթական ուսումնական հաստատության տրամադրել է 23 մլն 722 հազար դրամ դրամաշնորհ: Աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացման և դպրոցների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցմանն օժանդակելու նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող է ճանաչվել 8 դպրոց՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ համայնքների դպրոցներին, որտեղ տեղադրվել են հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգեր, ձեռք են բերվել հակահրդեհային վահանակներ ու կրակմարիչներ, անցկացվել է հակահրդեհային ջրամատակարարման ներքին ցանց, տեղադրվել է թեքահարթակ, անցկացվել են առաջին օգնության դասընթացներ և այլն: Հաշվի առնելով 2020 թվականին կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները՝ նախատեսվում է առաջիկա տարիներին ծրագիրը շարունակաբար ընդլայնել։
  • «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվում են 13 ավագ դպրոցներ, որոնցից 5-ի աշխատանքներն ավարտվել են. ևս 8-ինը կավարտվի այս տարի:
  • 2021 թ.-ին Արարատի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի, իսկ սեպտեմբերից նաև Գեղարքունիքի և Լոռու մարզերի տարրական դասարանների երեխաները կօգտվեն «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից: Հետազոտություն է իրականացվելու` հասկանալու Երևանում և խոշոր քաղաքներում դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունները, այդ թվում՝ ծախսարդյունավետ մոդելի կիրառմամբ:
  • ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հանրակրթական պետական չափորոշիչը: Մինչև ապրիլ ամսվա վերջ կհաստատվեն առարկայական ծրագրերը և չափորոշիչները:
  • Կրթության բովանդակային բարեփոխումներում հատուկ կարևորություն է տրվում ԲՏՃՄ առարկաներին։ Այս տեսանկյունից կշարունակվի ինժեներական լաբորատորիաների հիմնումն ու հետագա գործարկումը հանրակրթական դպրոցներում։ Վերանայված բոլոր, այդ թվում՝ ԲՏՃՄ առարկաների ծրագրերի և չափորոշիչների փորձարկումը նախատեսվում է իրականացնել 2021-2022 ուսումնական տարվանից սկսած։ Չափորոշիչներն ամբողջությամբ կներդրվեն 2023 թվականից՝ փորձարկումների արդյունքում ըստ անհրաժեշտության լրամշակելով։
  • Երևանի և մարզերի ավագ դպրոցները 2020-2021 թթ. երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում: 99 դպրոցներում ստեղծվել են ֆիզիկայի 87, քիմիայի՝ 84, կենսաբանության՝ 84 և աշխարհագրության 48 լաբորատորիաներ: Եվս 8 ավագ դպրոցի բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կամփոփվի 2021 թ.-ին՝ դրանց հիմնանորոգման ավարտից հետո:
  • Հաստատվել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի հավելավճարի տրամադրման միջոցով ուսուցիչների վարձատրությունը մոտեցնել երկրի միջին աշխատավարձին:
  • Վերանայվել են հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման չափորոշիչը և ծրագիրը, մշակվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը և ներկայացվել ՀՀ կառավարություն:
  • Հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը, որը հնարավորություն կընձեռի ուսուցիչների մասնագիտական զարգացման և կատարելագործման, ինչպես նաև ատեստավորման արդյունքում դիմել որակավորման տարակարգի համար։
  • Հաստատվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, որը հնարավորություն կընձեռի միջգերատեսչական համագործակցությամբ իրականացնել նշված երեխաների հայտնաբերումն ու արդյունավետ ընդգրկումը դասապրոցեսի մեջ։
  • Հաստատվել են պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության և ուսուցչիթափուր տեղի  համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգերը: Ամբողջությամբ վերանայվել և հաստատվել է ուսուցչի մրցույթի հարցաշարը՝ ընդգրկելով 70 % մանկավարժության, հոգեբանության բնագավառի հարցերը և 30 %` ուսուցչի գործառույթներին առնչվող օրենսդրության։
  • Հանրակրթական տասնհինգ առարկաներից կազմակերպվել է 2020-2021 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը:
  • Ձևավորվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը»՝ ԿԶՆԱԿ-ը, որն իրականացնելու է ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:
  • Ամփոփվել է ուսուցիչների շրջանում անցկացված «Տարվա լավագույնները» մրցույթը, որի հաղթող 56 ուսուցիչներ պարգևատրվել են հավաստագրերով և դյուրակիր համակարգիչներով։
  • Հունվարի 15-ից մինչև մարտի 16-ը տեղի են ունեցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննություններ: Հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 500 հավակնորդ: Քննությունների արդյունքում հավաստագիր է ստացել 370 (74%) հավակնորդ, որոնցից 229-ը՝ գործող տնօրեն, 5-ը՝ տնօրենի պաշտոնակատար, 136-ը՝ փոխտնօրեններ և ուսուցիչներ:
31 Մարտ, 2021 17:07
91
; ;