Սեպտեմբերի 26-ի գիշերը տիկին Արմինեն աչք չփակեց: Սիրտն անհանգիստ էր, քունը չէր տանում: Խոհանոցից ճաշասենյակ, ննջասենյակից խոհանոց երթուղով մի քանի անգան այս ու այն կողմ անելուց հետո, բակ դուրս եկավ: Արդեն լույսը բացվում էր: Հողամաս մտավ, որ մի քիչ ցրվի, վանի վատ մտքերը:

...Տան փոքր որդի Արշամը զինվոր էր` Արցախում էր ծառայում: Եվ ամեն Աստծու օր մայրը խնդրում էր, որ երկիրը խաղաղ լինի, բոլորի որդիները հասնեն իրենց մայրերին: Մեծ որդին` Վարշամն էլ էր Արցախում  ծառայել, բայց տիկին Արմինեն նման զգաղողություն երբեք չէր ունեցել` սիրտը կրծքավանդակից դուրս էր գալիս:

«Այգում աշխատում էի ու տեղս չէի գտնում: Ոչինչ չգիտեի: Լացելով տեգորս կինը զանգեց, թե Արմինե, տեղյա՞կ չես` պատերազմ է: Միանգամից չոքերս թուլացան: Պարզվում է, մեծ տղաս, ամուսինս գիտեին, բայց ինձ չէին ասել:  Ամուսնուս ասեցի` հասիր, բալես կռվի բերանն է..»:

Արշամ Մանուկյանը ձմռանն էր զորակոչվել: Սկզբում ծառայել է Լուսակերտում, երկու ամիս հետո տեղափոխել Գյումրի, որպեսզի սերժանտական դասընթացներ անցնի: Վեց ամիս հետո, երբ արդեն ստացել էր հրետանու հետախույզ-չափագրողի մասնագիտություն և կրտսեր սերժանտի կոչում, տեղափոխվել է հիմնական ծառայավայր` Արցախ` Հորաթաղ: 

Կիրակի կեսօրին Արշամը տուն զանգեց, բայց պատերազմի մասին ոչ մի բառ: Մորը հանգստացնելու համար ասել է, որ պատերազմ չկա, ինչ պատերազմի մասին է խոսքը. «Մամ ջան, ի՞նչ կռիվ, մեր մոտ ամեն ինչ խաղաղ է: Մայր իմ սիրասուն (մորն այդպես էր դիմում), հանգիստ մնա, ամեն ինչ կարգին է: Կռիվը մեր մոտ դեռ չի հասել։ Բայց արի ու տես՝ տղես առաջնագծում է: Ասեցի Արշամ ջան, ինձ խոսք տուր, որ հետ ես գալու, ասեց` հա, մամ ջան, խոստանում եմ... Ամուսինս մեկնեց Արցախ: Ուզում էր կամավոր գնար, բայց չտարան...»:

Արշամը սեպտերմբերի 27-ի երեկոյան ժամը 8-ին վերջին անգամ տուն է զանգել: Հոր, եղբոր, հորաքրոջ ու հորեղբոր հետ է խոսել: Բայց միայն քեռուն է ասել,  որ առաջնագծում է, վիճակը լարված է ու շատ խառն է: Նաև խնդրել է, որ մորը ոչինչ չասի, որ հանկարծ չանհանգստանա:

«Ամսի 29-ի առավոտյան է զոհվել տղաս:  Քանի որ Արշամս հետախույզ-չափագրող էր` բունկերում է եղել, բայց զինակից ընկերներին օգնելու համար դուրս է եկել ապահով տեղից: Հենց այդ պահին «Սմերչը» հարվածել է ու...»:

Տիկին Արմինեն ասում է, որ իր սիրելի որդին  մյուս երեխաներից տարբերվում  էր իր լրջությամբ, խելամտությամբ: Մոր խորհրդատուն էր:  2007 թվականին ընդունվել է Վարդաձորի միջնակարգ դպրոց, գերազանցությամբ ավարտել ու ընդունվել է Երևանի ֆրանսիական քոլեջ: Դպրոցական տարիներից եղել Է «Պատանի երկրապահ»-ում: Սովորաբար, երբ  երեկոյան ընտանիքը  հավաքվում էր, մայր ու որդի զրույցի էին բռնվում, իսկ ուսանողական տարիներին հեռախոսով էին խոսում:  Քննարկում էին օրվա անցուդարձն ու անելիքները, ապագայի ծրագրեր էին կազմում: Արշամը ուսանելու ընթացքում նաև աշխատում էր, որպեսզի թեթևացնի ծնողների հոգսը:

«Արշամս սովորել շատ էր սիրում: Մեր մոտ` գյուղում, ընդունված է, որ դպրոցում լավ սովորելը տղայի համար ամոթ է: Բայց ինքն ասում էր՝ մամ ջան, մեր մոտ սովորելը ամոթ է, իսկ քաղաքում չսովորելն է ամոթ: Ու ինքը նպատակ դրեց իր առաջ ու գնաց իր երազանքի հետևից: Շատ էր կարդում: Քոլեջն ավարտելուց հետո ասեցինք ընդունվիր համալսարան, հետո կգնաս ծառայելու, ասեց` չէ, չեմ ուղում ինձնից փոքրերի հետ ծառայել: Կգնամ-կգամ, հետո խոստանում եմ ընդունվել»: 

Արշամը և մյուս տղաները շատ բան չհասցրեցին անել: Տիկին Արմինեի նման հազարավոր մայրեր սևավորվեցին, որպեսզի փրկվի մեր Հայրենիքը, որպեսզի թշնամին չհասնի մեր տների դարպասներին: 

 Տիկին Արմինեն էլ բոլոր մայրերի նման ասում է, որ թող այլևս պատերազմ չլինի, որ այլևս զոհեր չունենանք: Հինգ տարի առաջ, երբ նոր էր ավարտվել ապրիլյան պատերազմը, որդեկորույս մայրերի հետ գրեթե բոլոր զրույցներն ավարտնում էին այս մտքով` Թող վերջին պատերազմը լինի և մեր որդիները Հայրենիքի համար ընկած վերջին Հերոսները թող լինեն: 

Մենք էլ ենք ասում` թող այդպես լինի: Տղերք, դուք Անմահ եք, քանզի Հերոսները չեն մեռնում:

Հայկ Մագոյան

2754