Արդշինբանկն ու Visa–ն առաջարկում են իրենց հաճախորդներին Visa Payment Ring «խելացի» վճարային մատանիները: Visa վճարային մատանիներն առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում։ Visa Payment Ring–ն առաջին կրիչ սարքավորումն է մատանու տեսքով՝ ներկառուցված NFC մոդուլով, վճարում կատարելու և Visa քարտապանի հաշվին կցված լինելու հնարավորությամբ։

Հաճախորդները Visa Payment Ring–ի օգնությամբ կարող են արագ և հարմարավետ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` պարզապես մոտեցնելով մատանին անհպում վճարումներ ընդունող վճարային տերմինալին։ Ընդ որում մինչև 20 000 դրամի վճարումն իրականացվում է առանց PIN–ի մուտքագրման, ինչպես անկոնտակտ քարտերով անկանխիկ վճարումներ կատարելիս։ 

Մատանին պատրաստված է բարձրորակ կերամիկայից, ունի ժամանակակից տեսք և կարող է դառնալ նորաձև աքսեսուար։

Ինչպես նշեց Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը, վճարային ծառայությունների շուկան դինամիկ զարգանում է, հայտնվում են նոր առաջարկներ նորարարական բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք կոչված են զգալիորեն արագացնել վճարումներ կատարելու գործընթացը` դարձնելով այն ավելի հարմար ու անվտանգ։

«Իսկ վճարային մատանու դեպքում` նաև նորաձև, չէ՞ որ վճարային մատանին կարելի է կրել նաև որպես զարդ։ Անխոս, Visa Payment Ring  վճարային մատանիներն արժանի այլընտրանք են վճարային այլ միջոցներին։ Վստահ եմ, որ այս նոր վճարային գործիքը մեծ տարածում կգտնի Արդշինբանկի հաճախորդների շրջանում», – ասաց նա։

Կովկասում Visa–ի տարածաշրջանային մենեջեր Քրիստինա Դորոսի խոսքով, Visa Payment Ring–ը, վճարումներ կատարելու ֆունկցիայով, թույլ է տալիս սպառողներին օգտվել անկոնտակտ տեխնոլոգիաների բոլոր առավելություններից` հարմար և անվտանգ գնումներ կատարելու համար։

«Այս մատանին ակտուալ նորարարական մշակումների օրինակներից է, որոնք մշտապես ստեղծվում են Visa–ի կողմից` թվային վճարումների համատարած ընդունում ապահովելու և դեպի անկանխիկ տնտեսություն քայլելու նպատակով», – ընդգծեց նա։

Մատանին կարելի է պատվիրել Արդշինբանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում։

Հիշեցնենք, որ Արդշինբանկը 2020թ.–ին Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է Հայաստանում Visa քարտերի խոշորագույն թողարկողը։

Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 60 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ինքնասպասարկման ավելի քան 2000 տերմինալ։

Բանկի գործունեությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

08 Ապրիլ, 2021 12:33
273
; ;