«Համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել, եւ կոչ են անում քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավունքի շրջանակում ռազմագերիների եւ պատանդ պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքի եւ մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը, ընդգծելով, որ այս հայտարարությունը համանախագահների միջոցով միջազգային հանրության հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել եռակողմ հայտարարության իր հանձնառություններն ու պարտավորությունները եւ հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից:

Նախարարն անդրադարձավ նաև  միջնորդների կոչին, թե պետք է բարձր մակարդակով անհապաղ խորհրդակցություններ սկսել. «Հատուկ ուզում եմ ընդգծել՝ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի դրանք տեղի ունենան, նախ եւ առաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար եւ հստակ օրակարգ ձեւակերպել»:

Արա Այվազյանի խոսքով` Ադրբեջանն իր ռազմատենչ, հայատյաց հայտարարություններով ու դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձեւավորմանը: Նախարարն ասաց, որ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձեւավորմանը:

370