«Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 20 ծրագիր է ներկայացրել՝ ուղղված համավարակից տուժած տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին, ինչպես նաև թիրախավորված սոցիալական խմբերին»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի  կատարողականը: 

«Միջոցառումների մեծամասնությունն ավարտվել է, քանի որ դրանք կրում էին միանգամյա դիսկրետ բնույթ, որոշ միջոցառումներ դեռևս շարունակվում են` մասնավորապես առաջին և երկրորդ միջոցառումները, որոնք վարկային գործիքակազմ ներառող ծրագրեր են, որոնք շարունակվում են նաև գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետը նշեց, որ այդ միջոցառումներում պարբերաբար տեղի են ունեցել փոփոխություններ և լավարկումներ, որոնք ուղղված էին ծրագրերի ընդլայնմանը և կատարելագործմանը, մասնավորապես առաջին միջոցառման շրջանակներում ներդրվել է կապիտալի համալրման գործիքակազմը, որի ներքո տրամադրվել է շուրջ 20 միլիարդ դրամի առավել արտոնյալ վարկ` գեներացնելով մոտ 6,5 միլիարդ դրամի սեփական կապիտալում ներդրումներ. «Այս պահի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող ծրագրերի շահառուների հասանելի օժանդակության ընդհանուր գումարը կազմում է շուրջ 239 միլիարդ դրամ, ներառյալ վարկավորման միջոցները»:

Փոխվարչապետ Գրիգորյանը հակիրճ և առանձին-առանձին ներկայացրեց բոլոր միջոցառումները:

491