Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան:

Այս մասին հայտնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախագահի աշխատակազմի պաշտոնական էջը:  

Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների օրակարգը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կլինի նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: 

521