ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի մասին նոր փաստավավերագրական «Սիրտն իմ» ֆիլմում կարմիր գծով անցնում է կոմպոզիտորի արցախյան համերգը, ճանապարհորդությունը դեպի Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերան կայացավ ապրիլի 20-ի Երևանում:

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

«Այս ֆիլմը մի փոքր ուրիշ կոնցեպտ է առաջարկում: Այսինքն՝ ֆիլմում չունենք արվետագետ, որի մասին խոսում են տարբեր անվանի գործիչներ՝ ինչպես ընդունված է: Այստեղ կենտրոնում հենց ինքն է, իր երաժշտությունը, մտքերը, իր փիլիսոփայությունը, ընտանիքը, իր հիշողությունները, իր հետ կապված արխիվային ձայնագրություններ»,-ասաց ֆիլմի համապրոդյուսեր, Ամիրխանյանի դուստր Աննա Խաչատրյան-Ամիրխանյանը:

Սա Ռոբերտ Ամիրխանյանի մասին առաջին ֆիլմը չէ: Առաջին ֆիլմը նկարահանվել է մոտ կես դար առաջ: Դստեր խոսքով՝ ֆիլմը այդ կես դարի ամփոփումն է,որում ցույց են տրվում կոմպոզիտորի ստեղծագործական վերելքները, ապրումները: Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է 2019-ին, աշխատանքները սկսվել են հենց այդ ժամանակից, այն նախատեսվում էր ցուցադրել արդեն 2020-ի մայիսին, սակայն օբյեկտիվ պատճառներից ելնելով ցուցադրվում է ավելի ուշ:

«Ֆիլմի մեջ կարմի գծով անցնում է իր արցախյան համերգը, որը կայացավ պատերազմից ուղիղ 1 տարի առաջ: Համերգն ուներ շատ կարևոր խորագիր՝ «Այստեղ Հայաստանն է»»,-ասաց Խաչատրյան-Ամիրխանյանը:

Ֆիլմում տեղ են գտել այդ համերգի նախապատրաստական աշխատանքները, գնալ-գալու ճանապարհը: Իսկ թե ինչու է ֆիլմը կոչվում «Սիրտն իմ», բացատրեց դուստրը: «Սիրտն իմ»-ն իր երգն է, որ գրվել է 80-ականների կեսերին, որը մոռացվել էր իր կողմից: Եվ մենք այն վերականգնեցինք, այն առաջին անգամ ձայնագրվեց ֆիլմի մեջ, և առաջին անգամ հնչում է ֆիլմում»,-ասաց նա:

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հայկ Մկրտչյանը նշեց, որ նախքան նկարահանելը տարբեր տարբերակներ են քննարկել՝ օրինակ ներգրավել տարբեր հերոսների: «Սակայն հասանք նրան, որ ֆիլմում հիմնական հերոսը պետք է լինի ինքը: Կադրում գերիշխողը հիմնականում նա է: Ես փորձել եմ 52 րոպեի միջոցով տալ, ներկայացնել մաեստրոյի ստեղծածը»,-ասաց Մկրտչյանն ու խոստովանեց, որ Ամիրխանյանը հրաշալի հերոս է:

«Դա ընդամենը կյանքին պատուհանից նայող մի տեսարան է, որտեղ կա հավատացյալ մարդու ոգևոր կյանքի նկարագիրը»,-ֆիլմ այսպես բնութագրեց Ռոբերտ Ամիրխանյանը: Հարցին, թե արդյոք սպասում էր, որ աշխատանքն այս կերպ կարժևորվի՝ նա պատասխանեց, որ չի ակնկալել: Ռոբերտ Ամիրխանյանը տեղեկացրեց, որ շուտով պատրաստվում է հետաքրքիր համերգային ծրագրերի: Նրա խոսքով՝ համավարակի շրջանում գրել է 15-20 երգ, այդ թվում՝ ճապոնական հոկկուների հիման վրա գրված երգեր, իտալերեն երգեր, հայ բանաստեղծների լավագույների վրա գրված մեղեդիներ: Դրանք առաջին անգամ հնչեցին:

Ներկայացվեց նաև «Խոստովանանք» եռահատոր գիրքը: Դրանցում ամբողջական ձևով ի մի է բերվել Ամիրխանյանի արվեստը: Առաջինում ներկայացված են նրա ստեղծագորությունը, հիշողությունները, ֆոտոնկարները, հոգևոր երգերը: Երկրորդ և երրորդ հատորներում ներկայացվում են նրա անտիպ երգերը, որոնք նոր են հրապարակվում:

Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը», Ֆիլմի սցենարի հեղինակներն են Պավել Սելինը, Օլգա Մայակովան, պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը:

20 Ապրիլ, 2021 22:52
212
; ;