ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Կարալամբոս Պետրիդեսին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին Երեւանում մասնակցելու համար, ինչը եւս մեկ անգամ փաստում է երկու երկրների բարեկամության եւ եղբայրության մասին: Խորհրդարանի խոսնակը նշել է, որ Հայաստանի եւ Կիպրոսի ամուր կապերը հիմնած են դարավոր քրիստոնեական եւ մշակութային կապերի վրա:

Արարատ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանի խորհրդարանն իր հերթին ճանաչել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Նա նշել է, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափում:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին հյուրընկալելու համար՝ նշելով, որ Կիպրոսը եղբայրական զգացմունքներով է լցված Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Պետրիդեսն ընդգծել է, որ երկու երկրների արտաքին սպառնալիքները բավականին նման են՝ պայմանավորված Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում թուրքադրբեջանական ագրեսիային՝ երկուստեք կարեւորելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանների միջեւ, պաշտպանական եւ այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

926