
Ararartnews.am-ի զրուցակիցը խորեոգրաֆ, պարուհի, «Ամարաս» համույթի ղեկավար Վիկա Մարտիրոսյանն է:
«Ամարաս»-ը 20 տարուց ավելի է՝ գործունեություն է ծավալում պարարվեստի բնագավառում: Բազմաթիվ պարային խմբեր կան, ինչպե՞ս եք կարողանում մրցակցել, որպեսզի չկորցնեք ձեր տեղը դաշտում:
«Ամարաս»-ը արդեն 25 տարեկան է. անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին լրացավ 25-ամյակը: Առաջատարը լինելու համար ոչ թե մրցակցում, այլ օր ու գիշեր աշխատում եմ և իմ գործն անում եմ մեծ սիրով:
Ինչպիսի՞ն է Վիկա Մարտիրոսյանը տանը:
Տանը փորձում եմ լինել իսկական մայր, իսկական կին. ամեն դեպքում ես ամեն ինչ անում եմ, որ տանն էլ լինեմ լավագույնը:
Ձեր դուստրը` Նանուլը, պակաս հայտնի չէ: Նա ավելի շատ պարուհի՞ է, թե երգչուհի: Եվ, առհասարակ, երգելու տաղանդը որտեղի՞ց նրան:
Իմ դուստրը ինձանից հայտնի է և շատ վաղ տարիքից է դարձել ճանաչված: Իսկ գեները, բնականաբար, իրենց գործն արել են: Դեռ ավելի լավ պարուհի է Նանուլը:
Համավարակի շրջանում, երբ սահմանափակումներ կային, «Ամարաս»-ը ինչպե՞ս կարողացավ դիմակայել և հաղթահարել դժվարությունները:
Շատ բարդ էր անցնել օնլայն հարթակին, բայց դա էլ հաղթահարեցինք:
Ի՞նչ նոր նախագծեր կան, որ կցանկանայիք ներկայացնել:
Նոր ծրագրեր և պրոյեկտներ արդեն վաղուց սկսել եմ ներկայացնել 2021-ի սկզբից: Բայց առջևում դեռ ամենահետաքրքիրներն են:
Ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունեք մասնագիտական և անձնական կյանքում:
Նպատակներս երեխաներիս հետ են կապված, իսկ երազանքս է` հայրենիքս չապրի այն օրերը, որ ապրեցինք:
Պարը, բացի մասնագիտություն և գումար վաստակելու միջոց լինելուց, ի՞նչ է Ձեզ համար:
Պարն իմ տարերքն է, իմ ուժը և, վերջապես, ես սիրահարված եմ իմ աշխատանքին... առանց պարի կյանքն անիմաստ կլիներ: