Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում կոչ է անում չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խոր արմատներ գցած վիրավորանքները։

Այս համատեքստում հանձնակատարն իր մտահոգությունն է հայտնում Բաքվում «Ռազմավարի պուրակը»-ի բացման կապակցությամբ, որտեղ, ըստ հաղորդումների, ցուցադրվում է պատերազմի ժամանակ որպես ավար վերցված հայկական ռազմական տեխնիկան և ցուցադրվում են անմարդկային տեսարաններ, այդ թվում՝ մոմե մանեկեններ, որոնք պատկերում են մահացած և մահացող հայ զինվորներին։

«Ես նման պատկերները համարում եմ խիստ տագնապալի եւ նվաստացուցիչ»,- ասել է հանձնակատարը:

«Այս տեսակի ցուցադրումը կարող է միայն էլ ավելի սրել եւ ուժեղացնել վաղեմի թշնամական տրամադրություններն ու ատելության արտահայտությունները, ինչպես նաեւ բազմապատկել եւ խրախուսել անհանդուրժողականության դրսեւորումները»։

Միյատովիչն Ալիևին կոչ է անում «ամուր դիրքորոշում որդեգրել ընդդեմ թշնամանք կամ ատելություն բորբոքող հռետորության կամ գործողությունների և փոխարենը լիակատար աջակցություն ցուցաբերել ու քաղաքական հենարան հանդիսանալ հակամարտությունից տուժած բնակչությունների միջև խաղաղությունը և հաշտեցումը խրախուսող ջանքերին՝ մտքում ունենալով Ադրբեջանի և Հայաստանի ապագա սերունդների բարեկեցությունը»։

Հանձնակատարը պատրաստակամություն է հայտնում առաջին իսկ հնարավորության դեպքում այցելելու Ադրբեջան՝ ընդգծելով, որ իր մանդատը թույլ է տալիս մուտք ունենալ երկրի սահմաններում մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրերը։

1314