
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է hայ լեռնագնաց, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար», Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր Աղվան Չատինյանին և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կարևորելով հայ լեռնագնացի երկարամյա մանկավարժական և մարզչական գործունեությունը, ինչպես նաև նշանակալի ավանդը հայկական սպորտի զարգացման գործում՝ քաղաքապետ Մարությանը առողջություն և եռանդ է մաղթել նրան:
«Ձեր ներկայությունը մեր կողքին մեզ ուժ է տալիս, մեզ խորհուրդ է տալիս: Այնքան բան ունեք սերունդներին փոխանցելու և սովորեցնելու: Շնորհակալություն եմ հայտնում մեր ավագանու անդամներին այս որոշման համար»,- նշել է քաղաքապետը:
Ըստ աղբյուրի՝ վաստակաշատ լեռնագնացը քաղաքապետին լուսանկարներով ներկայացրել է իր վերելքները: