«Եկեք արձանագրենք` տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիները իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ քարտեզները կեղծված են: Եվ դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ: Իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ»,- ասաց Փաշինյանն ընդգծելով. «Իհարկե կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, երբ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ: Դա առանձին քննարկման խնդիր է: Իհարկե դա կդիտարկվի»:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ երեկվանից քննարկվող այն հարցին, թե ՀՀ ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում այն հաստատվեց: «Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ իրադրության գնահատական տալը՝ տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն»:

Հիշեցնենք` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը:

960