2020 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին պատվիրակել էր ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա համայնքի վարչական տարածքում գտնվող Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, մշակույթի տան վերականգնման և թանգարանի ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։

Աշխատանքներն իրականացնելիս համալսարանը համագործակցել է «ՌՈՔԵՄՓ» մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Իտալիա/Հայաստան) և «Հայ մշակույթի ուսումնասիրման ու վավերագրման կենտրոնի» (Իտալիա) համապատասխան մասնագետների հետ, որոնք այդ հուշարձանների մասով նախորդ տարիներին իրականացրել էին ուսումնասիրման (այդ թվում՝ նաև պեղման), չափագրման, հետազոտման աշխատանքներ:

2021 թ. մայիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդի 3-րդ նիստում հեղինակների կողմից (հնագետ Պատրիկ Տոնապետյան, ճարտարապետներ Էմմա Հարությունյան, Գայանե Կազնատի, Նանար Քալանթարյան, ճարտարագետ Լորենցա Պետրինի) ներկայացվել են կատարված աշխատանքները՝ Երերույքի տաճարի ու հարակից տարածքի հնագիտական ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկատվություն, տաճարի և դամբարանի ամրակայման և մասնակի վերականգնման, մշակույթի տան նորոգման և թանգարանի ստեղծման էսքիզային նախագծերը (այդ թվում՝ ցամաքուրդային լուծումներ), ինչպես նաև մանրամասն կատարված ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները:

Կատարված մեծ աշխատանքը բարձր է գնահատվել գիտամեթոդական խորհրդի մասնագետների կողմից, իսկ ներկայացված էսքիզային նախագծերն արժանացել են հավանության։ Աշխատանքային նախագծերի ընդունումից հետո այդ նախագծերով առաջարկվող ամրակայման և այլ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի նոր ֆինանսական միջոցների ներգրավում, որը կտրամադրվի կա՛մ պետական բյուջեի միջոցների հաշվին, կա՛մ մասնավոր միջոցների ներգրավմամբ։

Երերույքի տաճարը կառուցվել է 4-7-րդ դարերում, գտնվում է հնագույն Անի մայրաքաղաքից 5 կմ հեռավորության վրա՝ ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղում:

Հուշարձանը համարվում է վաղ միջնադարյան ճարտարապետական գոհարներից մեկը, որն աչքի է ընկնում ոչ միայն իր ուրույն ճարտարապետությամբ, այլև քարի բազմերանգությամբ:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի 16-ին Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղն ընդգրկվել են Եվրոպայի 2016 թվականի «7 առավել վտանգված հուշարձանների» ցանկում:

27 Մայիս, 2021 17:17
538
; ;