Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի համաշխարհային օրն է, իսկ տարվա կարգախոսը` «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից»: Աշխարհում շուրջ 780 միլիոն մարդ ցանկություն է հայտնել դադարեցնելու ծխախոտի օգտագործումը, սակայն նրանցic  միայն 30%-ի համար է հասանելի ֆիզիկական և հոգեբանական կախվածությունը հաղթահարելու աջակցությունը:

Այս օրը տարբեր միջոցառումներ իրականացնելով` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է մոլորակի բնակչությանը մարդկության ողջ պատմության մեջ ամենատարածված համաճարակներից մեկի` նիկոտինային կախվածության վտանգի մասին, հաշվի առնելով, որ ծխախոտը սպանում է այն կանոնավոր օգտագործող մարդկանց կեսին:

Հայաստանում 2020 թվականի ընթացքում իրականացված Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ներդրումային հետազոտության տվյալների համաձայն`  ամեն տարի ծխախոտը սպանում է Հայաստանի ավելի քան 5500 բնակչի: Այդ մահերի 52%-ը 70 տարեկանից ցածր անձանց շրջանում է (վաղաժամ մահեր):

Հարկ է նշել, որ սկսած 2020 թվականից` COVID-19 համավարակը ծանրաբեռնել է առողջապահական համակարգերն ամբողջ աշխարհում, և այս բռնկման տնտեսական ազդեցությունն ահռելի է:

Ծխողների մեծ թիվը բնակչությանը դարձնում է խոցելի` COVID-19-ի ծանր հետևանքների տեսանկյունից: Հայաստանում 855.000 անհատներից, ովքեր COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկի ներքո են, մոտ 14%-ն ունի ուղեկցող հիվանդություններ, որ առաջացել են ծխախոտի օգտագործման հետևանքով: Ուղեկցող, հատկապես ոչ վարակիչ հիվանդություններով (շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ, շնչուղիների խնդիրներ) անձինք COVID-19-ի պատճառով հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի տակ են գտնվում, քան` առողջները:

Ծխախոտի օգտագործումը մեծապես նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությանը: Բացի այդ, ծխախոտի օգտագործումը ճնշում է իմունային ֆունկցիան՝ մեծացնելով շնչառական ուղիների ինֆեկցիաների ռիսկը, ինչպիսիք են՝ տուբերկուլոզը և թոքաբորբը, ինչն էլ կարող է վտանգել ծխախոտ օգտագործողների COVID-19-ը հաղթահարելու կարողությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխելը ծանրացնում է COVID-19-ի ընթացքը և կարող է մոտ երկու անգամ մեծացնել կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը:

2020 թվականից առողջապահության նախարարությունում ծխելը դադարեցնելուն ուղղված անվճար թեժ գիծ է գործում (060-44-00-01), որի միջոցով ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցների համապատասխան վերապատրաստված հոգեբան-խորհրդատուները օգնում են դիմողին վերանայել իր վարքագիծն ու խրախուսում վնասակար սովորությունից ձերբազատվելը:

598