Օգտվելով կորոնավիրուսի պատճառով առաջացած դժվար իրավիճակից՝  նախկին իշխանության ներկայացուցիչները շարունակում են  սեփական, նեղ անձնական  մաֆիոզ շահերը սպասարկելու համար գրգռել հանրությանը:

Երեկ  Մարտի մեկի համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում անհեթեթ, անհիմն ու անգամ երկրի ղեկավարի կարգավիճակին ոչ հարիր մեղադրանքներ  հնչեցրեց  իշխանության հասցեին  երկիրը  վատ կառավարելու, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար:

Մինչ Քոչարյանի զավեշտալի մեղադրանքներին անդրադառնալը արժե հիշեցնել՝ կորոնավիրուսը նոր երեւույթ է, բազմաթիվ երկրներ, անգամ զարգացածները վիրուսի ռիսկերը կառավարելու խնդիր ունեցան: Հայաստանը բացառություն չէր: Կառավարությունը բիզնեսին աջակցելու ծրագրեր է իրականացրել համավարակի պայմաններում: 

Հիմա անդրադառնանք մեղադրանքներին կետ առ կետ:  Քոչարյանի եւ նախկին չինովնիկների անհիմն մեղադրանքը չարչրկված  պարգեւավճարներն են: Հազիվ թե երկիրը 10 տարի ղեկավարածը չիմանար, որ պետական ապարատում լավ մասնագետներին պահելու համար անհրաժեշտ է  լավ վարձատրել նախ նրանց զերծ պահելու կաշառք վերցնելու գայթակղությունից, ապա  թույլ չտալու նրանց «արտահոսքը» մասնավոր սեկտոր:

Բացի այդ՝ ուսումնասիրելով նախկին չինովնիկների եկամուտները, հայտարարագրերը, մամուլի հրապարակումները՝ տեսնում ենք՝  նախկին չինովնիկների մեծ մասը կամ պետբյուջեն ծառայեցրել են անձնական գրպանին, որի վառ ապացույցը բազմաթիվ բացահայտումներն են կամ պետական ապարատը որպես «տանիք»  սեփական բիզնեսը պահելու միջոց են օգտագործել՝  հիմնական եկամուտ ստանալով հենց բիզնեսից, ոչ թե աշխատավարձից, ուստի  պարգեւավճար  չստանալու բողոք  չէր կարող լինել:  Իսկ այսօր պաշտոնյաները զրկված են «լեվի» եկամուտներից, ուստի պատշաճ վարձատրությունն անհրաժեշտ է: 

Պետբյուջեի միջոցները մսխելու եւս մեկ փաստ հիշեցնենք՝  նախկին իշխանավորների վարորդները պետբյուջեի հաշվին հյուրանոցում 2 օրվա համար 1մլն 698 հազար 740 դրամ հաշիվ են փակել: 
 Եւս մեկ դիտարկում: Պետբյուջեի միջոցները մսխելուց խոսող նախկին մերժված պաշտոնյաները լավ կանեն տեսնեն՝ ինչպես է ՄԻԵԴ-ում  նրանց տարիներին կատարված անօրինականությունները ջրի երես դուրս գալիս, պետությանը պատճառում մեծ վնասներ: 

Իշխանությանն  իբր արտեկրից աջակցություն ստանալու համար մեղադրող Ռոբերտ Քոչարյանը դիմում է միջազգային կառույցներին: Նրան զարմացնում է, թե ինչու են Եվրամիությունն ու այլ կառույցներ  հայտարարում՝ Հայաստանը կոռուպցիայի դեմ է պայքարում: Պատճառը պարզ է՝ կոռուպցիայի դեմ պայքարն առաջին հերթին  կոռուպցիոն սխեմաների բացահայտում է,  որն էլ  անում են իրավապահները: 

 Քոչարյանի մյուս, թերեւս,  խայտառակ մանիպուլյացիան  գազատրանսպորտային  ցանցը Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ  արդարացումն է: Տասը տարի երկիր ղեկավարածը, որն այսօր շահարկում  է «պետություն», «պետական շահ» հասկացությունները, ասում է. «Ամբողջ «ՀայՌուսգազարդը» մի հատ փտած խողովակ էր՝ մոտ 30 հազար բաժանորդով...»: 

Իսկ այսօր, ըստ նրա, ունենք Հայաստանում 90 տոկոս գազաֆիկացում, որի շնորհիվ մի պահ անտառահատումներն անգամ դադարեցին:

Հարց է ծագում՝ իսկ ումն է  ստրատեգիական նշանակությամբ գազային համակարգը, ումի՞ց է այսօր կախված Հայաստանը, ինչու է Հայաստանին դաշնակից Ռուսաստանը գազի գնի բարձրացման հայտ ներկայացնում   կորոնավիրուսի  ամենաթեժ պահին, իսկ Բուլղարիայի համար իջեցնում այն:

Ինչու է «Գազպրոմ Արմենիայում» խոշոր չափերի չարաշահում հայտնաբերվում ՊԵԿ-ի կողմից, եթե տարիներ շարունակ՝ մինչեւ թավշյա հեղափոխությունը,  իրավապահները բիզնեսին ձեռք չեն տվել, ստուգումներ չեն արել , չեն փռել ասֆալտին, ինչպես Քոչարյանն է կարծում: 

Իր տարիների «ձեռքբերումներից» մեկն էլ Քոչարյանը համարում է «Ռուսաստանի  երկաթուղիներ» ընկերության մուտքը:

Հիշեցնենք՝ դրա դուստր ձեռնարկությանը փոխանցվեց հայկական դուստր ձեռնարկության կոնցեսիոն կառավարումը:Քոչարյանը, սակայն, չի ասում, եթե  ինչպես եւ ինչու է  Հարավկովկասյան երկաթուղիում 60 մլն դոլար չարաշահում հայտնաբերվել, եթե բիզնեսի առաջխաղացման լավագույն ձեւը, ինչպես նա է ասում, այն շրջանցելն է: 

Մյուս անհիմն մեղադրանքը, ըստ Քոչարյանի, Հայաստանում ներդրումային բարենպաստ միջավայր  չլինելն է: Որպես ձեռքբերում Քոչարյանը հիշում է իր տարիներին  բացված հյուրանոցները, նաև «Գոլդեն փելեսի» բացումը, մինչդեռ ըստ ԱԱԾ-ի բացահայտման՝ արտասահմանյան կեղծ ներդրողի սխեման է գործել հյուրանոցը հիմնելիս:  Այսինքն՝ բարենպաստ միջավայրը կեղծ ներդրողներ բերելն ու հանրությանը մոլորեցնելն է: 

Երկիրը ղեկավարած  Քոչարյանը խոսում է նաև գյուղի զարագացումից: Մինչդեռ բավական է նայել  գյուղի կարևոր ենթակառուցվածքներից մեկի՝  ճանապարհների մեծ մասի վիճակը, որոնք տարիներով չեն նորոգվել անգամ զբոսաշրջային կարևոր հատվածներում, որն այդքան կարևորում է Քոչարյանը,  պարզ կլինի՝ ինչպես են նախկին չինովնիկները վերաբերվել գյուղին ու ինչ են արել դրանք զարգացնելու: Իսկ այսօր իշխանությունը մեծ թափով ճանապարհաշինարարական աշխատանքներ է սկսել, աստիճանաբար լուծում է գյուղերի խնդիրները:

Քոչարյանի մյուս սարսափը հեղափոխությունն է, նրա արժեքները: Նրա խոսքով՝ դա վատ բրենդ է, պետք է ազատվել նրանից: Մինչդեռ 2018 թ-ի թավշյա հեղափոխությունից հետո բարձրացավ Հայաստանի վարկանիշը: 

 Դե այս ամենից հետո Իրանն ու Պարսկաստանն իրարից չտարբերելուն, փակ տարածքում դիմակ չդնելուն անդրադառնալ չարժե: 

Հ. Գ. Ամեն անգամ հանրության լեգիտիմ իշխանությանը քննադատելուց առաջ  Ռոբերտ Քոչարյանը թող պատասխանի մի պարզ հարցի՝ եթե իր կառավարման օրոք մտածում էր պետության մասին, ինչու էր նա վերընտրվում ընտրակեղծիքներով, ինչու էին մարդիկ ամեն անգամ ընդվզում ընտրությունների արդյունքներից հետո, Ինչպես եղավ ինքնահռչակ «ալբանացին» շատ կարճ ժամանակում հարստացավ եւ ընդամենը մի քանի օրում 2 մլրդ դրամ գրավ վճարեց իր խափանման միջոցի փոփոխման համար: 

 

1741