
Տիկին Սուսաննան զգեստապահարանից հանում է զինվորական համազգեստը: Քառաստղանի ուսադիրներից պարզ է` նախկին զինվորականը կապիտանի կոչում ունի: Տասնհինգ տարի ռազմական ոստիկանությունում աշխատելուց հետո հանգամանքների բերումով թողնեց գործը` ամբողջովին նվիրվելով ընտանիքին ու որդիներին:
«Երբ այլևս զինվորական չէի, թեև զինվորականի նախկինը չի լինում (բազմանշանակ ժպտում է), մենք մեկնեցինք երկրից: 2014 թիվն էր: Ծրագրեր կար, որ կմնայինք, բայց փոքր տղաս` Վահեն, ու ամենամոտ ընկերը` Ջոնը, որի մասին հետո կպատմեմ, նույն համայնքից էին, որոշեցին վերադառնալ, իրենց պարտքը տալ` խուսափելով փախեփախ ապրելուց: Տղաները ցանկություն հայտնեցին, որ չեն փախնելու, գալու են ծառայեն»,- պատմում է տիկին Սուսաննան՝ ձեռքի հետ էլ դասավորում, կարգի բերում զինվորական համազգեստը:
«Վահես ու Ջոնը շատ մտերիմ էին, ոնց որ հարազատ եղբայրներ լինեին: Ջոնը 2019-ի հունվարին վերադարձավ ու զորակոչվեց, իսկ Վահես 2020-ի: Հենց այդ ժամանակ էլ մենք ընտանիքով վերադարձանք: Բայց էլի եմ ասում, որ կար հնարավորություն մնալու, չվերադառնալու...»:
Վահեն մինչև պատերազմը Հադրութում էր ծառայում: Ութ ամսվա զինվոր էր, երբ սկսվեց պատերազմը: Վերջին անգամ 2020 թվականի փետրվարի 1-ին` զինվորական երդման արարողության ժամանակ էին ծնողները այցելել նրան: Սկսվեց կորոնավիրուսը ու վերջ` էլ ոչ մի հանդիպում:
«Սեպտեմբերի 27-ը կիրակի օր էր: Ընկերուհիս առավոտ շուտ զանգահարեց, թե՝ Սուս ջան, դու երեխայից լուր ունե՞ս: Ասեցի, բայց ինչո՞ւ առավոտ շուտ տղայիս մասին ես հարցնում, ի՞նչ է եղել: Արտասվելով ասաց` Սուս ջան, պատերազմ է սկսվել: Ու աշխարհը խառնվեց իմ գլխին: Խառնվեց այն էլ ինչպես: Վահեիս հետ չէինք կարողանում խոսել: Հետո շատ ուշ ժամի կարողացանք կապվել... Բայց վերջերս եմ իմացել, որ առավոտյան զանգել է եղբորն ու ասել` Գոռ ջան, որ հանկարծ ինձ մի բան լինի, խնդրում եմ իմ փոխարեն մամային ու պապային տեր կկանգնես»,- վերհիշում է Վահեի մայրը:
Վահեն պատերազմի ընթացքում Հադրութում է եղել: Հադրութից դուրս են եկել հոկտեմբերի 29-ին, երբ շրջափակման մեջ էին: Հետո ոտքով հետ են քաշվել դեպի Մարտունի: «Տղաս ինձ ասում էր, որ ամեն ինչ լավ է, ասում էր պատերազմը մեր դիրքերից շատ հեռու է: Ու մարդկանց երբ ասում էի, ասում էին այդպիսի բան ոնց կարող է լինի, եթե Հադրութում մարդ չի մնացել: Ամեն բան թաքցնում էր: Ու շատ վարպետորեն էր թաքցնում: Եվ Աստծո կամոք տղաս ու իր զինակիցները կարողացել են փրկվել շրջափակումից: Եթե մեկ օր ավելի մնային, ապա արդեն ուշ կլիներ: Մինչև 90 կիլոմետր քայլել էին»:
Ջոնը Մատաղիսում էր ծառայում: Հոկտեմբերի 25-ին ծանր հրազենային վիրավորումով տեղափոխել էին Երևան, բայց հնարավոր չէր եղել փրկել զինվորի կյանքը:
«Ջոնի զոհվելու մասին Վահեին չէինք ասել, չգիտեինք ինչպես ասենք: Երբ պատերազմի ավարտից հետո որդիս արձակուրդ եկավ ու փորձեց ընկերոջը գտնել, այդ ժամանակ էլ ասացինք, որ Ջոնը զոհվել է: Ու փոխվեց ամեն ինչ: Տղայիս հայացքը փոխվեց, մեկ օրում մի քանի տարով մեծացավ տղես: Վահեն չէր կարողանում զսպել արցունքները: Լռակյաց դարձավ: Արձակուրդի ընթացքում շատ ուշ էր տուն գալիս: Ասում էի` տղես, եկել ես, չեմ կարողանում կարոտս առնեմ: Ասում էր` մամ, ինչ կա խոսելու, ինչ կա ասելու, ամեն ինչ ասված է: Երբ տղաս արձակուրդ եկավ, ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ հենց այդ պահին եմ ունեցել որդուս: Ես վերագտա իմ տղային, բառերով բացատրել հնարավոր չէ այդ զգացողությունը»:
Ցավոք, 44-oրյա պատերազմում զոհվեց նաև Վահեի մյուս ընկերը` Ազատը, որի հետ Վահեն ընկերություն էր անում դեռ փոքր տարիքից:
Մայրը պատմում է, որ պատերազմից այսքան ամիսներ անց տղան փոքր-ինչ խաղաղվել է, հանգիստ ծառայում է Արցախում: Ճիշտ է, հետպատերազմյան դժվարություններ կան, բայց տղաները լավ են հասկանում, որ պետք է հաղթահարել ամեն բան, ամեն ինչ ժամանակավոր է:
«Վահես յոթ ամիս անց, Աստծո կամոք, տուն կգա: Ու ես հույս ունեմ, որ մեր երկիրն այլևս խաղաղ կլինի: Ես ցավում եմ, ցանկացած կորուստ իմ անձնական ցավն է: Այդքան երիտասարդ կյանքեր, այդքան գարուն տղերք էլ չկան ու սա անասելի ցավ է: Բայց հավերժ ողբալով ապրել էլ չի լինի: Պետք է ապրենք, պարտավոր ենք ապրել հանուն վաղվա ապագայի, հանուն ապրեցնելու...»:
Լսում եմ տիկին Սուսաննայի պատմությունը, տեսնում` ինչ խնամքով է դասավորում իր համազգեստը, ու մտովի պատկերացնում եմ, որ Վահեն վերադարձել է հայրական տուն, երջանկացրել ծնողներին, թե ինչպես է շարունակում զբաղվել իր սիրելի բռնցքամարտով ու իր հաղթանակները զոհված ընկերներին նվիրում: Վահեի մայրը երկար պատմեց իր տղայի, Ջոնի ու Ազատի ընկերության մասին:
Ես հրաժեշտից առաջ խոստացա զրուցել Ջոնի ու Ազատի ծնողների հետ, որպեսզի պատմեմ, թե ինչպես հավերժության ճամփան բռնեցին Վահեի լավագույն ընկերները:
Հայկ Մագոյան