
Այս վիքենդը որոշել էի անցկացնել գեղատեսիլ Գառնիում, վայելել բնությունը, ըմբոշխնել սառնորակ ջուրը: Բնությունը վայելեցի, բայց ջրի ըմբոշխնումը, մեղմ ասած, չստացվեց: Երբ բնակիչներից մեկին խնդրեցի թույլ տալ օգտվել իրենց ջրի ծորակից, ասաց, որ աղբյուրի սառնորակ ջուր չի կարող հյուրասիրել, ջուրը տվեց սառնարանից ` պարզաբանելով, որ արդեն տևական ժանանակ է, ինչ ծորակից նախ կեղտաջուր է գալիս, ապա ջուրն սկսում է պարզել, բայց ջրում սպիտակ որդեր կան:
Ըստ մեր դիտարկումների` մենք Չարենցի փողոցում էինք: Գյուղացիները ենթադրում են, որ պատճառը ջրի ակունքի մոտակայքում արածող կենդանիներն են: Խնդիրը հասկանալու համար Araratnews.am-ը կապ հաստատեց Գառնիի համայնքապետի տեղակալ Վարդան Մարտիրոսյանի հետ:
«Կարող է ինչ-որ պահի ինչ-որ տեղ խնդիր առաջանա: Եթե նման հարցեր կան, ապա բնակիչները պետք է մեզ դիմեն, որպեսզի հասկանանք, փորձենք լուծենք: Մեզ մոտ խմելու ջուրը հիմնախնդիր է եղել երկար ժամանակ: Մի քանի տարի աշխատում ենք, շատ ջրագծեր ենք փոխել ու հասել ենք, որ հիմնախնդիրը պետք է լուծենք, վերջացնենք: Ընթացիկ հարցեր կարող են լինել, բայց որ մեծ մասը լուծել ենք` փաստ է»,- պարզաբանեց համայնքապետի տեղակալը:
Մարտիրոսյանը նշեց, որ խնդիրը հասկանալու համար պետք է բնակիչները դիմեն, որպեսզի իրենք դրանով զբաղվեն. «Թող գան, ասեն, իմանանք: Հիմա կարող է այդ լուծումը ինչ-որ գլոբալ խնդիր չի, առանձին մենք կարող ենք դրա լուծումը գտնենք»:
Հուսով ենք, որ մեր` Գառնի հաջորդ այցելության ժամանակ կկարողանանք վայելել Գառնու անապակ ու սառնորակ ջուրը:
Հայկ Մագոյան