Yerevanlur-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, անցած 3 տարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իր խոստումներից ի՞նչն է իրականացրել, ի՞նչը՝ ոչ, ինչո՞ւ չի արվել, պատճառներն օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ են եղել։

-Ես չեմ կարևորում՝ խոստումներն իրականացվել են, թե ոչ, քանի որ այս 3 տարին այնքան բարդ էին, միայն վերջին տարին բավարար էր, որ որևէ խոստում չարվեր։ Դա ոչ միայն Փաշինյանին է վերաբերում, այլ բոլոր պետությունների ղեկավարներին։ Ցանկացած քաղաքական թիմ, քաղաքական գործիչ, որ ընտրություններով եկել է իշխանության ու ինչ-որ խոստում է տվել, ո՞վ էր իմանում, որ կորոնավիրուս է լինելու, աշխարհը մի տարի կանգնելու է և ոչ մի խոստում չի կատարվելու։ Բայց ամենակարևոր խոստումը կատարվել է՝ ազատություն է տրվել, այդ թվում՝ տնտեսվարողներին, բոլորիս, և մենք պետք է կարողանանք այս ազատ հասարակարգում մեր տեղը գտնել, ինչը շատ ավելի բարդ է, քան ռեժիմային պայմանների դեպքում։ Նույնիսկ արվեստի բնագավառում է այդպես․ ավելի լավ ստեղծագործել են պարտադրված, թագավորական, դիկտատորների ռեժիմների ժամանակաշրջանում։ Ազատության պայմաններում ավելի դժվար է թեմա գտնել ու տրամադրվել։ Այս առումով մենք 3 տարի ազատության ժամանակաշրջան ենք ապրում, որը չի գնահատվում ոչ մեկիս կողմից՝ ո՛չ հասարակության, ո՛չ քաղաքացիների, ո՛չ պետական համակարգի կողմից։ Երևի ամենից շատ գնահատում են գործարարները, որովհետև իրենք չեն կարող չգնահատել ազատ տնտեսական գործունեության ծավալելը, առանց քվոտաների աշխատելը, առանց որևէ մեկի պատվերի բիզնես ստանալ, կամ խլել, առավել ևս՝ առանց կոռուպցիոն գործընթացների մեջ մտնելու, նաև այս պայմաններում պետությունն ուրիշ քայլեր է արել, օրինակ՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի գումարները, որ նախկինում որոշ տարիների 250 մլրդ դրամի էր հասնում, այսինքն՝ այդ գումարները գրպանվել էր բիզնեսից, և գործարարներն արդեն հույս չունեին, որ երբևէ կստանան։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հստակ քաղաքականություն իրականացրեց և ապրիլի կտրվածքով ընդամենը 49 մլն դրամ է մնացել։ Ստացվում է, որ բիզնեսը լրացուցիչ 200 մլրդ դրամ է ստացել՝ «օդից փող»։ Փաշինյանը ռիսկի գնաց, ստիպողական հարկահավաքման մեթոդները դադարեցվեցին, բայց բիզնեսը շատ արագ արձագանքեց և 2018-ի համեմատ 2021-ին արդեն շուրջ 0․5 մլրդ դոլարից ավելի հարկ է հավաքվել, այսինքն՝ տարվա կտրվածքով 1 մլրդ դոլարից ավելի հարկ է հավաքվելու։ Եվ սա այն պայմաններում, երբ համահարթեցվում է հարկային դաշտը, այսինքն՝ բոլորի համար սահմանվում են նույն դրույքաչափերը, եկամտահարկը 23% է իջեցվել 28%-ից, շահութահարկն իջնում է։ Այսինքն՝ 1 մլրդ հարկ ավելի հավաքելը նոր երևույթ է Հայաստանի տնտեսության մեջ և դա ի օգուտ այսօրվա կառավարության է։ Մի կողմից՝ վարչարարությունն իր արդյունքը տվել է լավ իմաստով, մյուս կողմից՝ գործարարներն իրենց պարտավորությունը կատարում են, այսինքն՝ բիզնեսն ու հարկահավաքությամբ զբաղվող պետական ապարատը նույն դաշտում են գործում։

Եվ ամենակարևորը՝ ոչ մեկ չի կարող որևէ մեկին ասել, որ դու այս բիզնեսով չես կարող զբաղվել։ Նախկինում շաքարի, բենզինի, կարագի և մյուս ոլորտները բաժանված էին կոնկրետ ներկրողների միջև, ամեն ինչ քվոտավորված էր և այն մարդիկ, որոնք արտոնություն ուեին որևէ բան ներկրելու, նրանք իշխանության գործարարներն էին։ Ընդ որում՝ ոչ թե այդ մարդիկ էին ուզում այդպես լինել, այլ խոշոր գործարարությամբ զբաղվելու համար պետք էր այդպիսին լինել։ Ավելին՝ նույնիսկ միջին գործարարությամբ զբաղվածն առանց այդ կոռուպցիայի չէր կարող գործել։ Օրինակ՝ Թուրքիայից և Չինաստանից ապրանք ներկրողները, որոնց բեռները կիլոգրամով էին մաքսազերծում, ոչ թե՝ ըստ իրական արժեքի։ Խաղի կանոններն էին այդպիսին, և այժմ այդ ամենը փոխվել է, ավելացել է ներքին մրցակությունը, շահագրգռվածությունը։ Մի քանի տարի առաջ կարելի էր միայն երազել, որ այսպիսի գյուղատնտեսական իրավիճակ ունենանք, որտեղ գնահատվում է ժամանակակից ինտենսիվ այգեգործությունը կամ ջերմոցային տնտեսությունները, որ 1 հա կառուցելը 1 մլն դոլար արժե, բայց մարդիկ անում են այդ ներդրումները, քանի որ որևէ սահմանափակում չկա, արտահանման խոչընդոտներ չկան։ Գյուղատնտեսությունն ամենադինամիկ զարգացող ոլորտն է դարձել։ Թեև գյուղատնտեսության վիճակագրական ցուցանիշները դեռ չկան, բայց հունվար-ապրիլի տվյալներով՝ արտահանման 16% աճի մեջ մեծ կշիռ ունեն գյուղատնտեսությունը և վերամշակված գյուղատնտեսությունը։ Այսինքն, սա արդյունք է 2018-ի քաղաքականության՝ պարզապես պետության՝ բիզնեսից հեռանալը, չմիջամտելը, ընդամենը հարկային քաղաքականություն իրականացնելը, անհրաժեշտության դեպքում աջակցությունը, օրինակ՝ համավարակով պայմանավորված 26 ծրագրեր իրականացվեցին, ինչը գնահատելի է, թեև անցած տարի մայիս-հունիսին դրանք քննադատության արժանացան, բայց դրանք կոնկրետ էին ու նպատակային, մինչդեռ այն երկրները, որոնք համատարած գումարներ բաժանեցին, հիմա խնդիրներ ունեն, աննախադեպ ինֆլյացիա կա։

-Իշխանության ընդդիմադիրներն ասում են, որ ինչպես քաղաքականությունում, այնպես էլ տնտեսությունում, 90-ականներից ստեղծվածը մաշեցվել է և 44-օրյա պատերազմով՝ զրոյացվել։

— Դա դեմագոգիա է։ Կարող են գյուղատնտեսությունն ուսումնասիրել, 500 հա նոր ջերմոցներ կան, որը մոտ 400-500 մլն ներդրում է, 1500 հա ինտենսիվ այգիներ կան, յուրաքանչյուր հետարը՝ 50 հազար դոլար ներդրում է։ Մաշվել է, թե ստեղծվել։ Մենք գյուղատնտեության մեջ երբևէ չենք ունեցել այնպիսի տեխնիկա, ինչպես վերջին 3 տարում, և դա աշխատել է շնորհիվ սովորական սկզբունքի՝ լիզինգի։

Այս ամենը համեմատելի չէ։ Եթե 90-ականներին լրիվ այլ աշխատանք է կատարվել՝ դրվել է տնտեսության զարգացման հիմքը, որը 2000-ականներին ջարդվեց։ Այնտեղ բարեփոխումների մի քանի քայլեր կային, պետք էր նոր հասարակարգ՝ բնորոշ նոր արտադրահարաբերություններով։ Հայաստանն առաջին պետությունն էր, որ համընդհանուր պետական սեփականությունից և պլանային տնտեսությունից անցում կատարեց կապիտալիստականի՝ չունենալով աշխարհի փորձ։ Շատերը դժգոհում են մասնավորեցումից, բայց դա այլ թեմա է։ Այդ ժամանակվա խնդիրը լուծվեց, այսօր ազգաբնակչության մոտ 80%-ը զբաղված է մասնավոր հատվածում։ Մասնավորեցումից հետո պետք է գար ինստիտուցիոնալ խնդիրների լուծման ժամանակը, որը պետք է 2000-ականներին անեին, բայց չարեցին։ Ստեղծվեցին յուրահատուկ ինստիտուտներ, որ կոչվեց համակարգային կոռուպցիա։ Փաշինյանի իշխանության գալուց հետո լրիվ այլ տրամաբանություն է՝ ստեղծվում են այդ ինստիտուցիոնալ ինստիտուտները։ Գործող կառավարության հաջողությունները քիչ էին, կամ անհաջողությունները պայմանավորված էին նրանով, որ այդ ինստիտուտները չկան։ Մենք կարող ենք պահանջել, որ դրանք ստեղծվեն, բայց դա շատ դժվար է, որովհետև արդեն առկա ինստիտուտն ունի շատ մեծ դիմադրողականություն և մեծ ֆինանսական միջոցներ, կազմակերպված է, չինովնիկական ապարատը կարծրացած նստած է իր տեղում և իր մոտիվացիան եղել է մեկը՝ կաշառք վերցնելը։ Սա չի վերաբերում պետական համակարգի բոլոր 220 հազար աշխատակիցներին, բայց համակարգային կոռուպցիան մի ինստիտուտ է, որը շատ հստակ էր աշխատում և շատ լավ՝ իր տրամաբանության մեջ։ Պետության տրամաբանության մեջ այն կործանարար էր։ Ապացույցն այն է՝ ինչ եղավ պատերազմի ժամանակ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

955