
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ներկայացրել է տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մանրամասները:
«Российская газета»-ին տված հարցացազրույցի ժամանակ Ալեքսեյ Օվերչուկը մասնավորապես ասել է.
«Պատմության մեջ քիչ օրինակներ կան, երբ պատերազմող կողմերն այդքան կարճ ժամանակ անց նստել են բանակցությունների սեղանի շուրջ` տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ իրենց երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ ստեղծելու խնդիրը լուծելու նպատակով: Հենց սկզբից կարեւոր էր ելակետ գտնել՝ ոչ ոք չէր ցանկանում, որ բանակցությունները չսկսված՝ ավարտվեին: Այս մոտեցումը հնարավորություն տվեց անցնել երկու երկրների միջեւ բոլոր հնարավոր երկաթուղային եւ ավտոճանապարհային երթուղիների քննարկմանը։
Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առևտուրը, երկու երկրների տնտեսությունները կստանան զարգացման նոր հզոր իմպուլս, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևոր է, որ նման բարի կամք կա»։
Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ ունի շատ սահմանափակ տրանսպորտային հաղորդակցության հնարավորություններ, ինչը խցանի պես խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, բացասաբար է անդրադառնում միգրացիոն գործընթացների վրա և թույլ չի տալիս Հայաստանին ամբողջությամբ բացահայտել իր ներուժը և վերածվել բարեկեցիկ երկրի:
«Տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակումը կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և հարևան բոլոր երկրների համար: Միևնույն ժամանակ, Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները սևծովյան նավահանգիստներին, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի, այլև կկարողանա սեփական արտադրությունը ծավալել, քանի որ նոր իրացման շուկաներ մուտք գործելու հնարավորություն կլինի, և երկրից արտադրանք արտահանելու սահմանափակող գործոնները կմնան անցյալում: Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ երբեք չեն բացվել, և, անկասկած, այս նոր կազմաձևում Ադրբեջանը և Հայաստանը կլինեն հիմնական շահառուները: Ռուսաստանը դրանում օգնում է նրանց և տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը ներկայացրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, կատարած աշխատանքները և ընդգծել է, որ երբ գտնվեն բոլոր լուծումները, իսկ Ադրբեջանը և Հայաստանը որոշեն, որ պատրաստ են կյանքի կոչել դրանք, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել ճանապարհների վերականգնումը, ապա՝ տրանսպորտային կապերի վերսկսումը:
«Կարևորը լավ ապագա տեսնելն է, և, իհարկե, կարևոր է, որ այժմ ոչ ոք չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն այս՝ առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- եզրափակել է Օվերչուկը: