Հունիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է TeamViewer AG գերմանական ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Կառլ Մարկգրաֆին և գլխավոր տեխնոլոգիական տնօրեն Մայք Էյսելեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Վահան Քերոբյանը ողջունել է ընկերության ներկայացուցիչներին և նշել տնտեսության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և նոր տեխնոլոգիաների կիրառման կարևորության մասին։ Նշելով, որ ՀՀ կառավարության գործունեությունն ուղղված է նորարարությունների և գիտելիքահեն տնտեսության զարգացմանը և բիզնեսի համար հեշտ տնտեսության ստեղծմանը՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը մտադրություն ունի Հայաստանը դարձնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային տեխնոհաբ:

Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրերը, նախագծերն ու  հնարավորությունները, որոնք մտադիր են իրականացնել Հայաստանում։ Կարևորելով իրենց ներկայությունը Հայաստանում և աշխատանքը հայ մասնագետների հետ՝ պատրաստակամություն են հայտնել նպաստել Հայաստանն աշխարհի թվային տեխնոլոգիաների ամենակարևոր կենտրոններից մեկը դարձնելու գործին: Կառլ Մարկգրաֆը գոհունակությամբ արձանագրել է, որ ՀՀ կառավարության և էկոնոմիկայի նախարարության հետ առկա է փոխշահավետ համագործակցություն, որի ընդլայնման շնորհիվ, հնարավոր կլինի լավ արդյունքների հասնել ոլորտի առաջխաղացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է TeamViewer AG ընկերության՝ Հայաստանում գործունեության ընդլայնման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը նշել է, որ TeamViewer ընկերության գործունեությունը և ծրագրերը հնարավորություն կտան օգտվել ժամանակակից տեխնոլագիաներից, վերափոխել հայկական ընկերությունների գործունեությունը աշխարհի ժամանակակից մոդելներին համապատասխան և  կիրառել դրանք տնտեսության մեջ:

Կողմերը կարևորել են աշխարհի մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին թվային վերափոխման անհրաժեշտությունը, ժամանակակից տեխնոլոգիաների և տեխնոլոգիական տրանսֆերի կիրառումը:

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի մի շարք մրցակցային առավելություններ, մարդկային մեծ ներուժ և աշխարհին համահունչ քայլելու ձգտում ունեցող մասնագետներ։

Նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցել ընկերության ծրագրերի իրականացմանը, քննարկել համատեղ նախաձեռնությունների,  համագործակցության հետագա քայլերը և ձևաչափը: Նա նաև առաջարկել է դիտարկել հայկական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։   

TeamViewer AG-ին ծրագրային ապահովման համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն է, որը մշակում և տարածում է կապի հեռավար լուծումներ ամբողջ աշխարհում, օգնում է արդյունաբերության ոլորտի ընկերություններին թվայնացնել բիզնեսի համար կարևոր գործընթացները անխափան ցանցային սարքերով: Այն մեծ տարածում ունի նաև Երեւանում և տարիներ շարունակ հաջողությամբ գործում է Հայաստանում:

11 Հունիս, 2021 17:52
77
; ;