Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Toyota Alphard մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:  Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաև  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու  գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Սլեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:  Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ինքնությունը:  Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ  մահացածը ճանաչված գեներալներից մեկի քրոջ որդին է:

 Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչներ Դավիթ Ղահրամանյանն ու Ռաֆայել Ներսիսյանը: Դ. Ղահրամանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում  է ոստիկանության Վաղարշապատի բաժնի  պահպանվող հատուկ տարածք:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ճանաչված գեներալ Սեյրան Սարոյանի քրոջ որդին է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

4249