«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի ստեղծած մշակութային տոնն ընթացքի մեջ է, և օգոստոսի 30-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում տեղի ունեցավ Ջիվան Գասպարյան կրտսերի և ընկերների համերգը։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ջիվան Գասպարյանի ինչպես հին և սիրված ստեղծագործությունները, այնպես էլ՝ նոր մշակումներ։ Համերգային երեկոն ամբողջացրին կիթառահար, շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, բաս կիթառահար Հովհաննես Նալբանդյանը, հարվածային գործիքներ՝ Հակոբ Օրդակյան։

 

Համերգին հաջորդեց արդեն ավանդական դարձած կինոդիտում-քննարկումը: Ֆիլմերի բացօթյա ցուցադրումները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 1-ը Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ:

 

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։

 

 

 

 

112