
«Ամենայն հարգանքով, պրոֆեսորը տեղափոխվել է համապատասխան բժշկական կենտրոն, և ես նրան շուտափույթ առողջություն եմ մաղթում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կալանավորման հարցին:
«Մնացած հարցերի հետ կապված՝ կարծում եմ իմ մեկնաբանմաբ կամ դիտարկում անելու ոչ մի բան չկա այս պահին, բայց մեր կողմից հստակ կերպով նրան բոլոր անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում։ Ես հուսով եմ, որ նա շատ արագ կապաքինվի և ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Ավանեսյանը:
Իսկ հարցին, թե առողջապահության նախարարի պաշտոնակատարը որպես առողջապահական ոլորտի պատասխանատու չի՞ պատրաստվում իր կոլեգայի համար երաշխավորագիր ներկայացնել կալանքի մասով, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ «այդ հարցը բաց է, կտեսնենք, կապրենք կտեսնենք»:
Իսկ այդ ի՞նչ ծանր հանցանք է գործել պրոֆեսոր Չարչյանը, որ նրան պետք է պահել անազատության մեջ՝ հարցին ի պատասխան Ավանեսյանն ասաց, որ այդ հարցը մեկնաբանման ենթակա չէ. «Բոլոր անձինք անմեղ են՝ մինչև չապացուցվի դատարանի վճռով: Ես ոչ մի ձևով չեմ մեկնաբանի»: