
2020 թվականի նոյեմբերին Հայաստանում հիմնադրվեց «Պարաաթլետիկայի ֆեդերացիան»՝ համանախագահությամբ պարալիմպիկ մարզիկ Ստաս Նազարյանի, Հայկ Աբգարյանի, Օնիկ Հովակիմյանի: Ֆեդերացիայի գլխավոր նպատակը Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացումն է: Ֆիզիկական և հոգեբանական շատ դժվարություններ հաղթահարած պարալիմպիկ մարզիկները նաև նոր առաքելություն են ստանձնել՝ ճանապարհ հարթել հաշմանդամություն ունեցող նոր սերնդի համար:
Ավելի քան 25 տարվա պարալիմպիկ սպորտի վարպետ Ստաս Նազարյանը 42 տարեկան է: 10-ը տարեկանում Սպիտակի երկրաշարժի հետևանքով ոտքը ծնկից վերև ամպուտացրեցին: Կարելի է ասել մեկ ոտքով, բայց ապրելու կրկնակի ցանկությամբ, Ստասն ավելի ամուր կանգնեց գետնին՝ ընտրելով սպորտային ուղին: 1990թ. ընդգրկվեց «Փյունիկ» հաշմանդամություն ունեցողների միության կազմում և սկսեց հաճախել մարզավերականգնողական ճամբարներ: 1994թ. ընտրեց առագաստանավային սպորտաձևը:
Ընկերոջ՝ Հայկ Աբգարյանի հետ նույն տարում Անգլիայում մասնակցեցին աշխարհի, հաջորդ տարի Իսպանիայում՝ Եվրոպայի առաջնություններին, այդպես շարունակ: Վերջերս մասնակցեցին Լեհաստանի Եվրոպայի առաջնությանը, ու արդեն մեկ ներկայացուցիչ լինելու է Տոկիոյում ՝ օգոստոսին: Պարալիմպիկ խաղերի հնգակի մասնակցություն, վարկանիշային ցուցանիշներ պրոֆեսիոնալ սպորտում, ամառային և ձմեռային սպորտաձևեր, լեռնադահուկային վազք, սայլակավազք. սպորտային հաջողություններն առ այսյօր ուղեկցում Ստասին և Հայկին:
«Պարաաթլետիկայի ֆեդերացիան» գործում է բարեգործական հիմունքներով՝ շուրջը խմբելով ոչ միայն զինհաշմանդամություն ունեցող անձնանց՝ պասիվ կյանքից դեպի ակտիվ-սպորտային կյանք մոտիվացնելու նպատակով: Անկախ սեռից, տարիքից, հաշմանդամության կարգից, պրոֆեսիոնալ թե սիրողական սպորտային ուղուց, ֆեդերացիան ձեռք է մեկնում բոլորին: Այս պահին 50 ակտիվ մասնակից է ընդգրկված ֆեդերացիայում. այս թիվը պարբերաբար աճում է, քանի որ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած հարյուրավոր տղաներ հետո կհամալրեն ֆեդերացիայի շարքերը:
Ֆեդերացիան գործում է ինքնաֆինանսավորմամբ: Տեղական ընկերություններից «Գրանդ սպորտն» արդեն 2 տարի է տղաներին իր ծառայութուններից անվճար օգնելու աբոնեմենտ է նվիրում. հուսով են՝ նմանատիպ առաջարկները վարակիչ կլինեն այլ ընկերությունների կողմից ևս:
« Ֆեդերացիայում ներգրավվել ցանկացողների թիվը բավականին մեծ է, սակայն մենք ունենք գույքի խնդիր: Պատերազմի ընթացքում, ցավոք, ունեցանք շատ զինհաշմանդամներ, որոնց ցանկանում ենք ներգրավվել սպորտում և մեր կյանքի փորձը փոխանցել իրենց: Փորձում ենք մեր ծանոթների, բարեկամների միջոցով ստեղծել որոշակի հնարավորոություններ, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը: Մեր սպորտային ոգին և ֆիզիկական մարզվածությունը տեղում է, սակայն ունենք գույքի խնդիր: Մեր սայլակները շատ հին են, սայլակների հնությունն ու ոչ պիտանելիությունը մեծ խոչընդոտներ են մեր սպորտային հաջողությունների ճանապարհին, կարելի է ասել գույքի հնության պատճառով կորցնում ենք մեր հաջողության 50% -ը:
Վերջերս մասնակցեցինք Լեհաստանում կայացած պարաաթլետիկայի Եվրոպայի առաջնությանը: Առաջատար հորիզոնականներ զբաղեցրած մարզիկները մեզ հետ խոսելիս ասացին, որ տեսնում են մեր ուժն ու մարզվածությունը, սակայն 20 տարվա հնություն ունեցող գույքով անհնար է հաջողություններ գրանցել: Լավ կլինի, որ մեր ներկայացուցիչը Տոկիոյի խաղերում Հայաստանը ներկայացնի արդեն նոր գույքով, որը կմեծացնի հաղթանակի շանսերը: Մեր ֆեդերացիան ցանկանում է գտնել միջոցներ նոր գույք ձեռք բերելու համար: Այդ գույքը մնայուն է և ծառայելու է մեր երկիրը, մեր ազգը աշխարհին ներկայացնելու համար» :
Ֆեդերացիայում առայժմ ներկայացված են լեռնադահուկային սպորտը, դահուկավազքը, ծանրամարտը, սայլակավազքը. շուտով գնդի հրումն էլ կավելանա: Համահիմնադիրները և՛ ֆեդերացիայի վարչական, և՛ մարզչական գործունեությամբ են զբաղվում. թիմում գործող պրոֆեսիոնալ պարալիմպիկ մարզիչներ են, ունեն նաև պրոֆեսիոնալ հոգեբանական ծառայություն: Դժվար սպորտային պայքարին տղաները պատրաստվում են ամենօրա ինտենսիվ մարզումներով՝ Ծաղկաձորի սպորտբազայում: Մեկնումից 30-40 օր առաջ մարզումները կշարունակեն Արտաշատում: Նույն կազմով հունիսի 1-5-ը Լեհաստանում սայլակավազքի եվրոպայի առաջնությանն են մասնակցել:
Սպորտային ակտիվ կյանք ապահովելով օգնել հաշմանդամություն ունեցող անձանց և միաժամանակ կրթել հասարակությանը. «Պարաաթլետիկայի ֆեդերացիան» կրթական-հասարակական շատ անելիքներ է դրել իր առաջ՝ հանրային վայրերի հարմար կահավորումից մինչև հոգեբանական հավասար մոտեցում:
Սպորտում պայքար մրցանակային տեղերի, իսկ հասարակական կյանքում՝ հավասար հնարավորությունների համար է՝ յուրաքանչյուր նոր օրվա հետ արթնացող նոր հույսով:
Ավելին տեսանյութում ՝ https://fb.watch/6qTXlpBaTM/