Պարսկաստանի համար հայ-իրանական սահմանի կորուստն անընդունելի է. հարցազրույց քաղաքագետ Սերգեյ Վարդազարյանի հետ

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին իր անցած ուղիով փաստում է, որ հետեւողական եւ կոշտ կերպով պաշտպանելու է իր երկրի շահերը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում: Ինչպիսի՞ն է լինելու հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։

Ոչ արտաքին, ոչ ներքին լսարանի համար Ռայիսին իրեն ոչ մի ձեւով դեռ չի դրսեւորել։ Պետք է նշել, որ Ռայիսին կոշտ քաղաքականություն է վարելու, քանի որ այլընտրանք չկա պարզապես՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք կան այսօր Իրանի առջեւ։ Իրանում իսլամական հեղափոխությունից հետո երկիշխանություն է՝ հոգեւոր առաջնորդ եւ նախագահ։ Իհարկե, հոգեւոր առաջնորդն ու նախագահը չեն կարող քայլեր անել, որոնք միմյանց կհակասեն։ Իհարկե, նախագահի եւ հոգեւոր առաջնորդի քաղաքականությունը  համաձայնեցված է գլոբալ հարցերում: Սա նաեւ վերաբերում է Հայաստանին: Քանի որ հայ-պարսկական սահմանը այս պահի դրությամբ վտանգված է, եւ կորցնել այդ հատվածը կլինի կատաստրոֆիկ թե Հայաստանի, թե Պարսկաստանի համար: Այդ մեսիջները Պարսկաստանից մենք միշտ ստացել ենք: Պարսկաստանն Ադրբեջանին հստակ հասկացնում է, որ իրենց համար հայ-իրանական սահմանի կորուստն անընդունելի է: 

Արդյո՞ք արցախյան պատերազմից հետո Հայաստանի եւ Իրանի շահերի շրջանակները համընկնում են: 


Իհարկե, Հայաստանի եւ Իրանի շահերն համընկնում են: Հայաստանն ունի երկու բաց, երկու փակ սահման։ Բաց սահմաններից մեկը հենց հայ-իրանական սահմանն է: Արտաքին աշխարհ մենք կարող ենք դուրս գալ հայ-վրացական եւ հայ-իրանական սահմանով: Պարսկաստանը սանկցիաների տակ է, լուրջ միջազգային ճնշման է ենթարկվում, բնականաբար, Պարսկաստանը չի կարող իրեն թույլ տալ փչացնել հարաբերությունները տարածաշրջանում: Գիտենք, որ Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ մրցակցություն կա, բայց իրենք հարաբերությունների կտրուկ սրացման չեն գնում: Նույնը Հայաստանի դեպքում է՝ մենք այլընտրանքներ չունենք թե տնտեսության, թե անվտանգության հարցերում։ Դրա համար մեր հարաբերությունները Ռուսաստանի, Պարսկաստանի, Չինաստանի հետ պետք է օր առաջ էլ ավելի սերտացնել: Դա մեզ համար կենսական հարց է, լինել-չլինելու հարց է:

Կարծիք կա, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների սերտացումը հարավ-հյուսիս տրանսպորտային հանգույցի հարցում առնվազն անխուսափելի է։ Ի՞նչ կասեք այս մասին։

 

Ես չէի ուզենա, որպեսզի էլիտան Պարսկաստանի հետ հարաբերություններում սահմանափակվի միայն հարավ-հյուսիս տրանսպորտային կոմունիկացիայի շրջանակներում: Դա սխալ կլինի: Մեր հարաբերությունները Պարսկաստանի հետ պետք է լինեն բազմաշերտ:  Շատ լավ կլիներ, եթե ուղիղ երկաթուղային կապ լիներ Պարսկաստանի հետ։ Դա տնտեսության զարգացման համար մեծ խթան կլիներ թե Պարսկաստանի, թե Հայաստանի համար: 

Ինչ եք կարծում, վերակազմավորվող հայկական բանակը եւ անվտանգության համակարգը կզգա՞ն նաեւ Իրանի հետ ռազմական համագործակցության անհրաժեշտությունը։ Կլինի՞ համագործացություն Հայաստանի եւ Իրանի միջեւ նաեւ այդ ոլորտում։

Այո, այսօր մեր բանակը գտնվում է վերակազմավորման փուլում: Իհարկե այս հարցում նույնպես մենք պետք է սերտ կապեր հաստատենք Իրանի հետ: Իհարկե դա շատ բարդ պրոցես է: Բայց կարծում եմ, ռազմաարդյունաբերության հարցում կարող ենք Պարսկաստանի հետ համագործակցել: Օրինակ՝ ԱԹՍ-ների գծով, քանի որ Պարսկաստանն ունի շատ հաջողված ԱԹՍ-ների պրոյեկտներ, որոնք բավականին մարտունակ են։ Պարսկաստանն ունի տարբեր հեռավորության հռթիռներ, ունի այնպիսի հռթիռներ, որոնք ունակ են խոցել թիրախը մինչեւ 2500 կմ: Մեզ այսօր նման հռթիռներ անհրաժեշտ են: Ամենաքիչը ռազմաարդյունաբերության գծով մենք կարող ենք համագործակցել: Մենք կարող ենք համագործակցել տարբեր ոլորտներում, բայց ամենակարեւորն է ռազմաարդյունաբերությունը, կոմունիկացիաները Պարսկաստանի հետ եւ տնտեսությունը:

Կարծիք կա, որ նորընտիր նախագահն արտաքին քաղաքական հարցերում այդքան էլ հմուտ չէ: Սա կարո՞ղ է նշանակել, որ արտաքին քաղաքական վեկտորն ամբողջությամբ անցնելու է հոգևոր առաջնորդի գրասենյակի և ԻՀՊԿ տնօրինության տակ։  


Այո, միգուցե նորընտիր նախագահը հմուտ չէ: Բայց Պարսկաստանում հստակ են թե նախագահի, թե հոգեւոր առաջնորդի ֆունկցիաները: Մեծ հաշվով, այս երկու ինստիտուտները իրար չեն հակասում եւ չեն հակասելու նաեւ Հայաստանի առումով: Քանի որ Պարսկաստանում քաղաքականությունը հետեւյալն է՝ կապ չունի, թե ով կլինի նախագահը, եթե պետության շահերից բխում է, որ հայ-իրանական հարաբերությունները լինեն լավ, ուրեմն՝ այդ հարաբերությունները կլինեն լավ։ Մեր եւ Պարսկաստանի խնդիրն է զարգացնել հայ-իրանական հարաբերությունները: Մենք շատ անելիքներ ունենք: Հաշվի առնելով այն բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որոնք հիմա Հայաստանի եւ Պարսկաստանի առաջ են՝ պետք է տեղի ունենա համագործակցության խորացում ու սերտացում: Պետք է հմուտ դիվանագիտություն, հստակ տեսլական եւ ամենօրյա ռեժիմով զարգացնել այդ հարաբերությունները:

Ավանդականորեն պահպանողականների հարաբերությունները Հայաստանի հետ ավելի ջերմ են եղել, Բաքվի հետ՝ սառը։ Հնարավո՞ր է արդյոք, որ Էբրահիմ Ռայիսիի իշխանության գալով լուրջ փոփոխություններ լինեն ի շահ Հայաստանի:

Իրանի համար մեկ բան է կարեւոր՝ երկրի շահերը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը կենսական նշանակություն ունի թե Հայաստանի, թե Պարսկաստանի համար: Այստեղ չկա երկու կարծիք: Այս պատճառով, երբ Ադրբեջանը ընդվզում կատարեց Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Սյունիքի մարզում, Պարսկաստանը հստակ հասկացրեց, որ դա իրենց շահերից չի բխում: Պարսկաստանն ուղղակի դիտորդի կարգավիճակով չի նայելու, թե ինչպես են փորձեր կատարվում Ադրբեջանի կողմից օտարել Սյունիքի մարզը Հայաստանից: 

Հարցազրույցը վարեց Լյուսիյա Պետրոսյանը

 

1234