
44-օրյա պատերազմի անմահ հերոս` Վաչագան Մանուկյանը այսօր կդառնար 30 տարեկան: Վաչագանը, կամ ինչպես մտերիմներն ու հարազատներն էին դիմում` Վաչը, գրող Խաչիկ Մանուկյանի ավագ որդին է: Առավոտյան բանաստեղծը գրեց.
«Շնորհավոր ծննդյանդ 30 ամյակը, Վաչս:
Հիմա քեզ գրկող ձեռքերս օդում կախված մնացին:
Հիմա թռչում եմ հիշողության երկնքով ու շփոթում եմ Քո ու Աստծո տեղերը»:
Վաչագան Մանուկյանի ծննդյան միջոցառումների շարքը մեկնարկեց Եռաբլուր զինվորական պանթեոնից, ապա շարունակվեց Էջմիածնի թիվ 2-րդ ավագ դպրոցում, որտեղ կրթություն էր ստացել Վաչագանը:
Դպրոցի բակը առավոտից մարդաշատ էր: Հավաքվել էին քաղաքային իշխանության ներկայացուցիչները, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, Վաչագանի դասընկերները, մտերիմներն ու բարեկամները: Իրենց ներկայությամբ հերոսի հիշատակը հարգել էին աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ազատամարտիկ-երգահան Դավիթ Ամալյանը, մտավորականներ, զինվորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ և այլք:
Դպրոցի բակում, ընկերների նախաձեռնությամբ, 44-օրյա պատերազմի անմահ հերոս` Վաչագան Մանուկյանի հիշատակը հավերժացնող խաչքար տեղադրվեց: Խաչքարը հանդիսավոր կերպով բացեցին բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ու հերոսի զինակից ընկերը` Ռազմիկ Չումարյանը:
Խաչքարի օծման արարողությունը կատարեց Վազգեն Սրբազանը, որից հետո հոգևորականը խոսքով դիմեց ներկաներին:
«Քիչ առաջ Եռաբլուրում էինք, որտեղ մեր խոնարհումը բերեցինք Վաչագան Մանուկյանի և մեր մյուս հայորդի նահատակ հերոսների հիշատակին: Այսօր անմահների գնդի հետ էինք: Համոզված եմ, որ այս մարտնչող եկեղեցին, որ մեր բանակն է, հաղթական եկեղեցու հետ, որ մեր սրբերի բանակն է, երկնքում շարունակելու են պաշտպանել Հայաստանը,Արցախը և ողջ հայությանը»,- ասաց սրբազանը և համերաշխության և միակամության կոչ արեց` ընդգծելով, որ թշնամու նկատմամբ պետք է դառնանք առավել կարծր, որպեսզի կարողանանք պահել ու պաշտպանել Հայրենին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին հերոսի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, ապա միջոցառումը շարունակեցին դպրոցի աշակերտներն ու հրավիրված հատուկ հյուրերը: Ներկաները հիշեցին ու փառաբանեցին Վաչագան Մանուկյանի անցած թեև կարճ, բայց բովանդակալից ու բեղուն կյանքի ճանապարհը:
Միջոցառումների շարքտ եզրափակվեց հերոսին նվիրված «Ազգայի հերոսը» և իր հեղինակած «Չկորցնելու լույսը» գրքերի շնորհանդեսով:
Հուշակողթողը նույնպես դաս է ներկա ու գալիք մատաղ սերնդի համար: Դպրոց մտնող ու մեր ապագան կերտող աշակերտները կիմանան, որ այսօրվա խաղաղ Հայրենիքի համար պարտական են Վաչագանին ու մյուս հայորդիներին:
Հիշեցնենք` Վաչագան Մանուկյանը դեռևս ծառայության ժամանակ բանակաշինության և կարգապահ ծառայության համար արժանացել էր «Գարեգին Նժդեհ» մեդալի:
Հայկ Մագոյան