
Արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված կամավորական Վաչագան Մանուկյանի հետ առաջին անգամ հանդիպեցի մոտ երեք տարի առաջ: Հանդիպման պատճառը` Վաչագանի բանակաշինության և կարգապահ ծառայության համար շնորհված «Գարեգին Նժդեհ» մեդալն էր:
Վաչագանը բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի տաղանդավոր որդին է: Ինչպես ժողովուրդն է ասում` այս անգամ էլ պտուղը ծառից հեռու չէր ընկել:
Բայց այսօր ես չեմ ուզում Վաչագանի տաղանդից խոսել, պատմել նրա պատմվածքների, գրելու շնորհի մասին: Ես ձեզ ուզում եմ Վաչագանի հետ մեր հանդիպման մասին պատմել, Վաչագան մարդու մասին: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ես այսօր ուզում եմ զրուցել Վաչագանի հետ:
Վաչագան, այսօրվա պես հիշում եմ, որ միասին նստած էինք հորդ աշխատասենյակում ու թեյ էինք խմում: Այսինքն՝ թեյը չէինք խմում, թեյն առիթ էր, որպեսզի զրուցենք, շփվենք: Դու նստեցիր ճիշտ այն տեղում, որտեղ սովորաբար հայրդ` Խաչիկ Մանուկյանն էր նստում: Լուսավոր աշխատասենյակում հորդ հեղինակած գրքերն էին դրված ու նաև քո անդրանիկ ժողովածուն: Վաչագան, հիշում եմ, թե ինչպես ինձ նվիրեցիր քո առաջին գիրքն ու մակագրեցիր: Հետո մենք երկար խոսեցինք: Շատ գեղեցիկ էիր պատմում քո ու եղբորդ ծառայությունից, փառաբանում էիր Հայրենիքն ու մեր բանակը: Ես քեզ լսում էի ու ինքս ինձ մտածում` սա հնարավո՞ր բան է, որ մարդն այսքան շատ սիրի հայրենիքը, այսքան սրտով սիրի: Ու արդեն այսօր եմ հասկանում, որ հնարավոր է...
Վաչագան, մենք մեկ անգամ էլ ենք հանդիպել: Հանդիպել ենք, արցախյան երկրորդ պատերազից հետո: Հանդիպեցինք, երբ արդեն Եռագույնը գրկած, սուրբ Շողակաթում էիր` կյանքդ անմնացորդ նվիրած Հայրենիքիդ:
Ես այդ օրը տեսա հորդ ինձ անծանոթ հայացքը: Ես երբեք նրան այդ հայացքով չէի տեսել և հավատա, որ երբեք չէի ցանկանա այդպես տեսնել նրան: Պոետը շրջապատված էր իր ընկերներով, բայց նա երկինք էր նայում, նա ամբողջությամբ քո հետ էր` մտքով, հոգով ու սրտով...
Քո մասին զինակից ընկերներդ պատմել են հորդ: Վահան Հովհաննիսյանը պատմել է, որ դու տարբերվում էիր բոլորից քո քաջությամբ, հայրենասիրությամբ ու վճռականությամբ: Ասում են, որ զինվորները քեզ հետ զրուցելով վարակվել են խիզախությամբ ու լավատեսությամբ: Վահանն ասում է, որ դու հերոս ես, ամենաիսկական հերոսը:
Այս ընթացքում հայրդ շատ է խոսել քո մասին և դեռ խոսելու է, խոսելու և պատմելու են շատերը, թե ինչպես ինքնակամ կամավորագրվեցիր՝ փրկելու Հայրենիքը, պաշտպանելու, քո բաժին կյանքը Ամենաթանկին տալու:
Քո զոհվելուց հետո հայրդ գրեց. «Հերոսի դափնիներով անմահացած չեմ ուզում, իրե՛ն եմ ուզում, բայց ես ո՜վ էի, որ իր նման շքեղություն ունենայի. այլևս Տիրոջ հայացքով է նայում և... իմ որդին չէ այևս, ՆԱ իմ ՀԱՅՐՆ Է, ՈՐ ԵՐԿԻՆՍ Է...»։
Վաչագան, քո հերոսական կյանքի պատումը դեռ սերունդների է կրթելու, դեռ շատերն են քո կերպարով ոգևորված մեկնելու առաջնագիծ՝ Հայրենի եզերքը պաշտպանելու, մեր հայրենիքում, ձեր պաշտպանած հայրենիքում դեռ շատ Վաչագաններ են ծնվելու...
Հայկ Մագոյան