Հուլիսի 6-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում տեղի ունեցավ 1993 թվականից մինչ 2020 թվականի 44-օրյա պատերազմում անմահ հերոսների հիշատակը հավերժացնող հուշանկարների և պուրակի բացման արարողությունը։

Արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզի փոխմարզպետ Նարեկ Մանուկյանը, ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, հերոսների հարազատները, ծառայակիցներն ու ընկերները:

Պուրակի կառուցման միտքը ծովինարցի Ջերմիկ Տեր-Հովսեփյանի մոտ ծագել է անմահ Ռոբերտ Աբրահամյանի հուղարկավորության ժամանակ։ Ձնհալից անմիջապես հետո Սեւակ Արշակյանի աջակցությամբ մյուս համագյուղացիների հետ սկսել են կառուցման աշխատանքները։ հետաքրքիր զուգադիպությամբ պուրակի բացման օրը համընկավ հենց Ռոբերտի ծննդյան օրվա հետ։ Նախաձեռնությանը գյուղի ընդհանուր բյուջեից միջոցներ է հատկացրել նաեւ Ծովինարի գյուղապետ Մհեր Մարտոյանը։

Պուրակի բացմանը, խաչքարի օծման հոգևոր կարգին հաջորդեց միջոցառում երգիչների, գյուղի միջնակարգ դպրոցի երեխանների և Կարճաղբյուրի զորամասի զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հուշանկարների պուրակը գտնվում է Ծովինար գյուղի գերեզմանատան ճանապարհի վրա։

Ծովինար գյուղը 44-օրյա հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ տվել է հինգ անմահ հերոսներ՝ Ռոբերտ Աբրահամյան, Սպարտակ Զաքարյան, Շոթա Զաքարյան, Կարեն Սիմոնյան և Հովհաննես Ենգոյան։ Հավերժ փառք մեր հերոսներին։

6080