
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շիրակի մարզի Իսահակյան գյուղում Սիբիրյան խոցով վարակված հիվանդների թիվը հասել է 10-ի: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ:
Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին և 8-ին ևս երեք հիվանդ է տեղափոխվել հիվանդանոց: Նրանք կանայք են, որոնք հիվանդ կենդանու միսը գնել են ու ենթարկել մշակման: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են ավելի ծանր, քան նախորդ ընդունված հիվանդներինը, քանի որ կանայք ինքնաբուժությամբ են զբաղվել և բժշկի դիմել են բավական ուշ:
Բժիշկները հորդորում են չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ սիբիրյան խոցն ինքն իրեն չի բուժվում և պահանջում է կոնկրետ ստացիոնար բուժում: Եթե ժամանակին չդիմել բժիշկներին, ապա հետո ստիպված կլինեք դիմել ավելի բարդացած վիճակով:
Araratnews.am - ը պարզաբանում է, թե ինչ է սիբիրյան խոցը և ինչպես են դրանով վարակվում մարդիկ:
Սիբիրյան խոցը` վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է, որի վարակի աղբյուր են հանդիսանում խոշոր և մանր եղջերավորները, ձիերը և ուղտերը:
Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի:
Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը և դրանցից կազմված առարկաներն իրենցից երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում: Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը և մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի և այլնի հետ ուղղակի շփման հետևանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս:
Հնարավոր է նաև վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման և սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետևանքով: Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի:
Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձև՝
Մաշկային՝ ամենահաճախ հանդիպող կլինիկական ձևն է: Այն զարգանում է խախտված մաշկի միջոցով սիբիրյան խոցի սպորների թափանցելու հետևանքով: Ախտանշաններ՝ տենդ, մանր բշտերի և խոցերի խումբ, որոնց շրջանում առկա է քորի զգացողություն, մաշկի անցավ խոց՝ սև կենտրոնով, այտուց խոցի շուրջը:
Ստամոքսաղիքային՝ զարգանում է, երբ մարդը սննդում օգտագործում է բավարար ջերմային մշակման չենթարկված վարակված կենդանու միս և ենթամթերք: Ախտանշաններ՝ տենդ, պարանոցի և պարանոցային ավշային հանգույցների այտուց, ցավ կոկորդում, ցավոտ կլման ակտ, խրպոտություն, սրտխառնոց և փսխում, հատկապես՝ արյունային, դիարեա կամ արյունային լուծ, գլխացավ, որովայնի ցավ, ուշագնացություն, որովայնի (ստամոքսի) այտուց:
Ինհալյացիոն՝ զարգանում է, երբ մարդը շնչում է սիբիրյան խոցի սպորներ: Ախտանշաններ՝ տենդ, կրծքավանդակում տհաճ զգացողություն, հևոց, գիտակցության խառնվածություն կամ գլխապտույտ, հազ, ցավ կրծքավանդակի ստորին հատվածում, սրտխառնոց, փսխում, գլխացավ, քրտնարտադրություն, հաճախ՝ առատ, ծայրահեղ հոգնածություն, մկանացավեր:
Ներարկումային՝ դիտվում է ներերակային հերոին ընդունողների շրջանում: Ախտանշաններ՝ նման են մաշկային սիբիրյան խոցին, սակայն կարող են ախտահարվել մաշկի խորը շերտերը և մկանները: