Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Մաթիաս Լյութենբերգն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության վերսկսված էսկալացիան խորը մտահոգություն է առաջացնում։ Գերմանիան կոչ է անում երկու կողմերին վերականգնել հրադադարի ռեժիմը և անել այն ամենը, ինչ իրենց ուժերի սահմաններում է, որպեսզի պաշտպանեն մարդկանց կյանքերը։»,- այս մասին «Թվիթեր»-ում նշել է Մաթիաս Լյութենբերգը:  

Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 28-ին նախահարձակ մարտական գործողություններ էր սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

993