AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), համանուն մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Մարիամ Ռևազյանն է:

Մարիամ, այսօր երիտասարդները բավականին բարդ են կողմնորորոշվում մասնագիտության ընտրության հարցում: Դուք ինչպե՞ս նախապատվությունը տվեցիք կովկասագիտությանը։

Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է կատարել պատմության հանդեպ մեծ սերը։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին արդեն հստակ էր, որ ապագայում պետք է սովորեմ պատմության ֆակուլտետում։ Բայց թե որ ուղղությամբ, դա հստակ դարձավ 12-րդ դասարանում, երբ պատահականության արդյունքում ԵՊՀ-ի պաշտոնական կայքում կարդացի Կովկասագիտության բաժնի անունը։ Հենց այդ րոպեին մեծ հետաքրքրությամբ սկսեցի ուսումնասիրել նշված մասնագիտությունը։ Երբ, տեսնելով, որ ուսանողները հնարավորություն ունեն ավելի լայնորեն ուսումնասիրել տարածաշրջանը և վրացերեն ու ադրբեջաներեն լեզուները, հասկացա, որ սա հենց իմ մասնագիտությունն է։ Եվ միայն այս մասնագիտության շնորհիվ կկարողանամ ավելի խորքային ուսումնասիրել տարածաշրջանը, տարածաշրջանում բնակվող բազմաթիվ ազգերի մշակույթը, տարածաշրջանային երկրների քաղաքականությունը։

Վրաստանի պատմության ո՞ր շրջանն է Ձեզ հատկապես տպավորել և ինչու:

Տարածաշրջանային պատմության ուսումնասիրության շրջանակներում իր յուրահատուկ տեղն ունի Վրաստանի պատմության ուսումնասիրությունը։ Վրաստանը շատ հետաքրքիր երկիր է թե իր մշակույթով, թե իր պատմությամբ և թե իր աշխարհագրությամբ։ Ուսումասիրելով Վրաստանի պատմությունը՝ կասեմ, որ բարդ է իրականում առանձնացել, թե հատկապես որ շրջանը։ Սակայն կառանձնացնեմ ընդհանուր միջնադարյան ժամանակաշրջանը, որը լի էր թե վերելքներով և թե անկումներով։ Հենց այս ժամանակաշրջանում է ավելի շատ արտահայտվում վրաց ազգի բնավորությունը, հանուն հայրենիքի պայքարը, որը հետագայում իր հետքն է թողել նորագույն շրջանի իրադարձություններում։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի կովկասագիտության բաժնում վրացերենը քանի՞ տարի են ուսումնասիրում: Բացի վրացերենից, այլ լեզուներ ուսումնասիրե՞լ եք:

Արդեն 9 տարի է, որ կովկասագիտության բաժնում ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու վրացերենը։ Բացի վրացերենից, վերջին շրջանում սկսել եմ ուսումնասիրել նաև ադրբեջաներենն ու թուրքերենը՝ պայմանավորված մասնագիտական ուսումնասիրություններով։

Մի փոքր կպատմե՞ք «Երիտասարդ կովկասագետների նախաձեռնության» մասին:

«Երիտասարդ կովասագետների նախաձեռնության» ստեղծման գաղափարը կար շատ վաղուց,  սակայն գլխավոր պատճառը հանդիսացավ 44-օրյա պատերազմը։ Պատերազմը ցույց տվեց, որ մեր հասարկությունը այդքան էլ լավ չի ճանաչում այն տարածաշրջանը, որտեղ ապրում ենք։ Եվ երիտասարդներին տարածաշրջանն ավելի ճանաչելի  դարձնելու նպատակով որոշեցինք ստեղծել նախաձեռնությունը։ Նախաձեռնության շրջանակներում երիտասարդները հնարավորություն ունեն ուսումնասիրելու հարևան երկրների լեզուները,  մասնակցելու տարածաշրջանային տարբեր հարցերի նվիրված դասախոսությունների։ Նախաձեռնության շրջանակներում այժմ  ընթանում է թուրքերենի դասընթացը, օգոստոս ամսից նաև կսկսեն ադրբեջաներենի, վրացերենի ու պարսկերենի նոր դասընթացները։ Հետագայում նախատեսված են նաև այլ ծրագրեր, որոնց մասին երիտասարդները կտեղեկացվեն մեր նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։

Մագիստրոսական թեզի շրջանակներում ի՞նչ թեմա եք խորությամբ ուսումնասիրել: Որո՞նք էին Ձեր առաջնահերթ եզրահանգումները:

Մագիստրոսական թեզս նվիրված էր Թուրքիայում բնակվող վրացիների (չվենեբուրիների) սոցիալ-հասարակական և քաղաքական կյանքին։ Թեմայի ուսումնասիրության ընթացքում հստակորեն ընդգծվում է, թե  ներկայիս թուրքական իշխանությունները ինչպես են  օգտագործում Թուրքիայում բնակվող վրացիներին իրենց տարածաշրջանային ծրագրերում, մասնավորապես՝ Աջարիայի թուրքացման հարցում։ Իր հերթին, կարող ենք ընդգծել նաև Վրաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը՝ կապված չվենեբուրիների հետ, վրացական շահերի լոբբինգի նպատակով։

Առհասարակ, ապագա կովկասագետներն ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում:

Կովկասագիտությունը ինքնին բազմաճյուղ գիտություն է, որի շնորհիվ ուսանողների ուսումնասիրության շրջանակները շատ լայնածավալ են։ Ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու տարածաշրջանային լեզուները, տարածաշրջանային կրոնները, տարածաշրջանային երկրների պատմությունն ու քաղաքականությունը։ Բոլոր առարկաների իմացությունը պարտադիր է, քանի որ բոլորը շաղկապված են և լրացնում են միմյանց։

Ո՞ր հաստատություններում եք անցել Ձեր փորձաշրջանը:

Բակալավրիատում սովորելու տարիներին  անցել եմ մեծ փորձաշրջան, որի համար շատ շնորհակալ եմ իմ ամբիոնին։ Անցածս փորձաշրջանը եղել է բազմաճյուղ՝ կապված մշակութային, գիտակրթական և պետական ոլորտի հետ։

Մեր երկրում կովկասագետ-վրացագետը ո՞ր ոլորտներում կարող է աշխատել:

Մեր երկրում կովկասագետ-վրացագետը հնարավորություն ունի աշխատելու դիվանագիտական տարբեր գերատեսչություններում, քաղաքական դաշտում, վերլուծական կենտրոններում, ՀՀ անվտանգային կառույցներում, ինչպես նաև ծավալել գիտական գործունեություն, կատարել թարգմանություններ, զբաղվել դասավանդմամբ։ Իսկ այս ոլորտներում աշխատելու համար կովկասագետ-վրացագետներից պահանջվում է մասնագիտական մեծ աշխատանք կատարել։

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ապա բարձրագույն կրթության ոլորտում ի՞նչ առանցքային փոփոխություններ կկատարեիք:

Իրականում մեր բարձրագույն կրթական ոլորտը մեծ բարեփոխումների անհրաժեշտություն ունի։ Առաջնային փոփոխությունները պետք է նպաստեն ապագա ուսանողների ինքնուրույն վերլուծական մտքի ձևավորմանը, քանի որ հենց այդ ուսանողներն են մեր երկրի ապագան, և նրանց շնորհիվ կարող ենք ոտքի կանգնել այս ծանր օրերին։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտայիք ապագա կովկասագետին:

Ապագա կովկասագետներին առաջին հերթին խորհուրդ կտամ սիրել ու հարգել իրենց մասնագիտությունը։ Երբեք չվախենալ ու չհոգնել դժվար ուսումնասիրություններ կատարելուց։ Մասնակցել մասնագիտական տարբեր ծրագրերի ու քննարկումների, որոնց նպատակը երիտասարդների վերլուծական կարողությունների զարգացումն է, և իհարկե հաղորդակցվել ավագ կովկասագետների հետ։

Օլյա Շահինյան

87992