AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

Մեր զրուցակիցը ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Կովկասագիտության բաժնի շրջանավարտ Ռիմա Մաթևոսյանն է:

 

 

Ռիմա, այսօր, թերևս, շատ է զգացվում կիրթ և կոմպետենտ կովկասագետի կարիքը: Կպատմե՞ք, թե ինչպես ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

 

Յուրաքանչյուր ազգի համար կարևոր է թշնամու լեզուն իմանալը, իսկ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Կովկասագիտություն բաժինը հնարավորություն է տալիս խորացված ուսումնասիրել ադրբեջաներենը, ինչն էլ առիթ հանդիսացավ իմ մասնագիտական կողմնորոշման հարցում: Անշուշտ, մեզ անհրաժեշտ են բարձր որակավորմամբ կովկասագետներ, որոնք կկարողանան առճակատման դուրս գալ ադրբեջանցի հայագետներին, որոնք իրենց հերթին, պատրաստված կերպով, խեղաթյուրում են մեր պատմությունը:

 

Հիմնականում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել ԵՊՀ կովկասագիտության բաժնում:

 

Այստեղ դուք կարող եք ուսումնասիրել թե՛ Հարավային, և թե՛ Հյուսիսային Կովկասի երկրների խորացված պատմությունը, հնագիտությունը, էթնիկ կազմն ու բնութագիրը, և ամենակարևորը՝ յուրացնել վրացերենն ու ադրբեջաներենը:

 

Ապագա կովկասագետը ո՞ր ոլորտներում կարող է աշխատել:

 

Ապագա կովկասագետները կարող են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ գիտահետազոտական ոլորտում, արտաքին գործերի նախարարությունում, ուսումնական հաստատություններում, ինչպես նաև պետական այլ մարմիններում:

 

Կո՞ղմ եք այն առարկայացանկին, որոնցից պահանջվում է քննություն հանձնել ԵՊՀ կովկասագիտության բաժին ընդունվելու համար:

 

Այո, կողմ եմ:

 

Ապագա կովկասագետներն ի՞նչ լեզուներ են ուսումնասիրում:

 

Ապագա կովկասագետները ուսումնասիրում են ադրբեջաներեն և վրացերեն:

 

Կթվարկե՞ք այն հիմնարար մասնագիտական առարկաները, որոնք նպաստում են կովկասագետ անհատի կերտմանը:

 

Դժվարանում եմ առանձնացնել կոնկրետ առարկաներ, որոնք կձևակերպեն կովկասագետի մասնագիտությունը, քանի որ նրանք պետք է լինեն ունիվերսալ. մի կողմից պետք է կարողանան յուրացնել լեզուներ, իսկ մյուս կողմից՝ պետք է ունենան գիտելիքներ մշակույթի ու պատմության մասին:

 

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, ի՞նչ փոփոխություններ կանեիք կովկասագիտության բակալավրիատի ուսումնական ծրագրում:

 

Ես մեծ սիրով ծրագրում կընդգրկեի հին հունարենը, օսմաներենը, լատիներենը և ղփչաղերենը: Հնարավորություն կընձեռեի բոլոր կովկասագետներին միառժամանակ ուսումնասիրել թե՛ վրացերենը և թե՛ ադրբեջաներենը՝ բացառելով պարտադիր ընտրության տարբերակը:

 

 

Կովկասագիտության բաժնի ուսանողներն ավելի շատ նախընտրում են ադրբեջաներենը, թե վրացերենը:

 

Կովկասագետները ավելի շատ նախընտրում են ադրբեջաներենը, ինչը ունի քաղաքական կարևոր նշանակություն: Մենք այժմ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ ենք Ադրբեջանի հետ, իսկ զինվել անհրաժեշտ է նաև գիտելիքներով:

 

Օլյա Շահինյան

 

 

 

22589