Երեք օր շարունակ Աբովյան փողոցում գրական-մշակութային եռուզեռ էր. օգոստոսի 1-ին ամփոփվել է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը: Այն ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացրել է «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն այս տարի կրում էր չարենցյան «Ժամանակիդ շունչը դարձիր» խորագիրը՝ գրողի 125-ամյակին ընդառաջ:

...Որ քաղաքը կարդա ոչ թե 3 օր, այլ՝ ընդհանրապես

Մայրաքաղաքի սրտում (Նկարիչների միություն, «Զանգակ» գրատուն, «Մոսկվա» կինոթատրոն) հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը տեղի են ունեցել գրական-մշակութային տասնյակ միջոցառումներ՝ գրքի ցուցահանդես-տոնավաճառներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Շուրջ 50 հրատարակիչներ ներկայացրել են իրենց նոր գրքերը՝ մինչև 40 տոկոս զեղչով:

Փառատոնի ընթացքում կայացած միջոցառումները կոչված էին հանրությանը տրամադրել ընթերցանությանը, թե՛ հրատարակչին, թե՛ թարգմանչին և թե՛ գրողին ավելի ճանաչելի դարձնելուն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը որպես կարևոր ցուցանիշ և ձեռքբերում արձանագրել է, որ փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 15000 գիրք: Նա խոսել է նաև մարդկանց դեպի գիրք բերելու ճանապարհին գրադարանների դերի մասին. «Գրադարանները չեն կարող լինել զուտ գրապահոցի և գրքի սպասարկման միջավայր: Դրանք պետք է վերածվեն մշակութային ժամանցի, մտավոր շփումների միջավայրի, որի վերջնարդյունքը գիրք բացելն է»:

Փոխնախարարի գնահատմամբ՝ 21-րդ դարում տեղեկատվական դաշտի հագեցվածության պայմաններում գիրքը չի կարող միանգամից հասնել ընթերցողին, և պետք է մտածել ուղիներ, որոնք հնարավոր ընթերցողին կբերեն դեպի գիրք: Այդ ուղիներից մեկը Գրքի փառատոնն է:

Ըստ այցելուների՝ փառատոնը նպաստում է, որ ընթերցողների թիվն ավելանա, որ գրողն ավելի հայտնի դառնա: Այցելուներից շատերը փառատոնը գնահատում են որպես զեղչված տարբերակով ցանկալի գիրքը ձեռք բերելու լայն հարթակ: Գրականագետ Սուրեն Դանիելյանը հույս է հայտնել, որ ապագայում Գրքի փառատոնը չի ընկալվի որպես տոն և հասարակության համար կդառնա սովորական միջոցառում՝ «Երբ ժողովուրդը ներքուստ աճի դեպի գիրքը»:

Երիտասարդ գրող Հովիկ Աֆյանն էլ նշել է՝ փառատոնից գրողի ակնկալիքն այն է, որ քաղաքը կարդա ոչ թե 3 օր, այլ՝ ընդհանրապես:

Փառատոնի միջոցառումների ցանկում կարևոր իրադարձություն էր Թումանյանի ակադեմիական հատորների վերահրատարակումը, որը ներկայացրել է Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը. «Թումանյանի կյանքի տարեգրության հատորյակները բացառիկ են հայ գրականության պատմության շղթայում, որովհետև մինչ օրս հայ գրողներից միայն Թումանյանն է, որ ունի նմանատիպ հիմնավոր կենսամատենագիտություն»:

Խորագիրը՝ չարենցյան. «Ժամանակիդ շունչը դարձիր»

Փառատոնի շրջանակում տեղի են ունեցել մի շարք գրքերի շնորհանդեսներ։ Բանախոսները՝ գրականագետները, հրատարակիչներն ու անձամբ հեղինակները ընթերցողներին են ներկայացրել գրքերը, թե՛ ստեղծագործական, թե՛ թարգմանության ընթացքը, կարդացել են հատվածներ։

2022 թ.-ին լրանալու է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը: Գրքի երևանյան փառատոնին առանձին տաղավարով ներկայացել էր նաև Եղիշե Չարենցի տուն-թանգարանը: Թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանի խոսքով՝ անակնկալ էր փառատոնի ընտրված խորագիրը՝ ընդառաջ գրողի 125-ամյակին: Հաջորդ տարին կլինի հոբելյանական, նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Վերջին գիրքը, որ լույս է տեսել թանգարանի ջանքերով, «Չարենց-Նամե» ստեղծագործությունն է: Այն առաջիկայում կթարգմանվի տարբեր լեզուներով:

Տեղի է ունեցել նաև Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդեսը: Գրողի թոռը՝ Գոհար Չարենցը, պատմել է տատիկից փոխանցված հիշողությունները մեծանուն բանաստեղծի մասին:

Շնորհանդեսներն ընթացել են ինտերակտիվ միջավայրում. այցելուները բանախոսներին են հղել իրենց հուզող հարցերը գրքերի վերաբերյալ։ Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի քննարկմանն էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները հատուկ փոքրիկ այցելուների համար պատրաստված թեմատիկ տաղավարում կերպավորել են գրքի հերոսներին։

«Դիտել ենք մուլտֆիլմը և շատ ենք հավանել։ Գիրքն էլ անպայման կկարդանք ու կհամեմատենք»,- իրենց առաջիկա անելիքի մասին են պատմել դպրոցահասակները:

Եթե Նկարիչների միությունում մեկը մյուսի հետևից ներկայացվում էին նոր տպագրված գրքերը, ապա «Զանգակ» գրատանն ընթերցողների մեկ այլ հատված մասնակցում էր գրքերի քննարկումների։ Հետաքրքրասեր մի խումբ փոքրիկներ հանդիպել են «Վիշապաքարի գաղտնիքը» մանկապատանեկան գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանին, նրա և գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ քննարկել Վահագնի ու վիշապների արկածային ու առասպելական ճանապարհը:

Կինոյի սիրահարներն էլ հնարավորություն են ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցելու «Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան» և Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացման քննարկումներին:

Քննարկումների առանցքից դուրս չի մնացել նաև պատերազմի թեման: Այցելուները ծանոթացել են «Արտեֆակտ» գրքին, վավերագրողներ Կարեն Ավետիսյանը, Արեգ Բալայանը և Էդիկ Պողոսյանը զրուցել են պատերազմի, պատերազմի մղձավանջից մարդուն դուրս բերելու ու փրկելու, պատերազմն ինքդ քո միջով անցկացնելու ու արվեստ դուրս բերելու մասին։

Որպես գրողի կյանքի ականատես-վավերագրող՝ «Գրողի կինը․ Վերժինե Մովսիսյան (զրույցը՝ Դավիթ Մաթևոսյանի)» հանդիպման շրջանակում Հրանտ Մաթևոսյանի կինն ընթերցողներին պատմել է Մաթևոսյանի կյանքի ամենահետաքրքիր դրվագները՝ ուսանողական տարիներից մինչև «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանման հրապարակ, պատասխանել նրանց հարցերին։

«Անկախ շատ ֆիլմեր դիտելուց և ժամանակակից տեխնիկայի ընձեռած հնարավորություններից՝ շատ կարդացե՛քանպայման ժամանակ հատկացրե՛ք ընթերցանությանը»,- հանդիպման ավարտին ներկաներին խորհուրդ է տվել Վերժինե Մովսիսյանը։

Փառատոնի փակումը՝ գրական մրցանակաբաշխությամբ

Փառատոնը բաղկացած էր 4 բաղադրիչից. առաջինը գրական մրցույթն էր, 2-րդը ցուցահանդես-տոնավաճառն էր, մյուս բաղադրիչներն էին շնորհանդեսներն ու բանախոսությունները:

Գրական մրցույթը Գրքի երևանյան չորրորդ փառատոնի կարևոր բաղադրիչներից էր, և փառատոնն ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ՝ «Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում։ «Արձակ» անվանակարգում ներկայացվել էր 70«Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ:

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում էին
Քրիստինե Հովհաննիսյան – գրականագետ,
Ալեքսանդր Թոփչյան – գրաքննադատ, գրող, թարգմանիչ,
Գուրգեն Խանջյան - արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ,
Ալվարդ Սեմիրջյան - գրականագետ,
Հասմիկ Խեչիկյան - գրականագետ:

Ստեղծագործությունները գնահատվել են հետևյալ չափանիշներով․

  • կառուցվածքը,
  • լեզուն և ոճը,
  • գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։

«Պոեզիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լուսինե Եղյանը«Արձակում»՝ Հովիկ Աֆյանը։

Ժյուրիի անդամ, գրականագետ Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ հայտերի թիվն աննախադեպ էր, իրենք բարդ ընտրություն են կատարել՝ արդեն ծանոթ գրողների կողքին նոր անուններ բացահայտելով: Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին փառատոնի ձևաչափը կփոփոխվի, և կընդլայնվի աշխարհագրությունը՝ ընդգրկելով հանրապետության մյուս քաղաքները ևս: Արձակագիր Գուրգեն Խանջյանը՝ որպես ժյուրիի անդամ, նույնպես դրական է գնահատել ներկայացված ստեղծագործությունների որակական մակարդակը:

Որպես անակնկալ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը հաղթողներին է հանձնել «Եղիշե Չարենց» հուշամեդալ՝ մեծանուն գրողի 125-ամյակին ընդառաջ, և ազդարարել հոբելյանական տարվա (2022 թ.) մեկնարկի մասին:

«Պոեզիա» անվանակարգում հաղթող ճանաչված Լուսինե Եղյանն առաջին անգամ էր մասնակցում փառատոնի գրական մրցույթին: «Չէի բացառում, որ հաղթողը ես եմ լինելու»,- ասում է նա:

«Եթե մասնակցում ես մրցանակաբաշխությանը, ուրեմն պետք է սպասես նաև հաղթանակի,- ասում է «Արձակ» անվանակարգի հաղթող Հովիկ Աֆյանը և ավելացնում,- ինձ առավել ոգևորել է «Եղիշե Չարենց» հուշամեդալը, որն ավելի պարտավորեցնող է»:

Փառատոնի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակիցներին՝ կամավորներից մինչև այցելուներ, աջակիցներից մինչև հրատարակիչներ՝ հետպատերազմյան շրջանում բարձր գնահատելով գրական իրադարձության անհրաժեշտությունը, և այն համարել են այլևս կայացած:

1105