ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին և Հայաստանի դիրքորոշմանը: Մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, Ռուբինյանն ասաց՝ հնչեցվել է առաջարկ առ այն, որ հնարավոր է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների կամ միջազգային դիտորդների ներկայությունը՝ սահմանից երկու կողմերի հայելային հետքաշման դեպքում: 

«Հստակ է, որ Ադրբեջանը նպատակ ունի վնասել ՀԱՊԿ-ի վարկանիշը, ընդհանրապես Ադրբեջանի գործողություններն ուղղված են ՀԱՊԿ-ի, նաև ռուս խաղաղապահ առաքելության դեմ Արցախում: Մեր դիրքորոշումն է, որ մեզ հասու ամբողջ գործիքակազմն օգտագործենք, և մեր ՀԱՊԿ գործընկերների հետ նույնպես քննարկումները շարունակվում են»,- ասաց Ռուբինյանը:

Նա շեշտեց՝ Հայաստանը կողմ է տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը:

«Մենք չենք ուզում տարածաշրջանում պայթեցնել իրավիճակը: Մենք առաջարկում ենք ճանապարհ, որը կբերի դեէսկալացիայի: Առաջարկը՝ հայելային հետքաշման հետ կապված, կապ չունի սահմանների հետ, կապ ունի զորամիավորումների տեղակայման հետ»,- ասաց Ռուբինյանը:

1lurer.am

513