ՌԴ ԱԳՆ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԱԼԻԵՎԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԶԻՆԵԼՈՒ ԿՈՉԻՆ

Որևէ երկրի զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի այդ, Մոսկվան միշտ հաշվի է առնում ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։

Պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին չզինելու կոչին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը, և որ Մոսկվայի անվերապահ առաջնահերթությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է:

«Ագրեսիվ հռետորաբանությունն այս նպատակին չի մոտեցնում»,- ասել է Զախարովան: Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, թե Բաքվի և Երևանի հետ շփումները կանոնավոր կերպով իրականացվում են, բանակցությունները մշտապես տարվում են, մեծամասամբ՝ ոչ հրապարակավ, քանի որ քննարկվող հարցերը զգայուն են:

«Պարզապես դա կարող է իսկապես խանգարել կայուն արդյունքի հասնելուն»,- ասել է Զախարովան:


ՄԱԿՐՈՆԸ ԵՎ ՊՈՒՏԻՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները օգոստոսի 19-ի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդիրը: Վլադիմիր Պուտինը Մակրոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մակրոնի և Պուտինի զրույցի ընթացքում արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է: Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերսկսման կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը փոխանցել է Մակրոնին, որ քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության մարդասիրական կարիքները հոգալու ուղղությամբ:

«Երկու նախագահները ցանկություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը ղարաբաղյան խնդրի տարբեր ասպեկտների կարգավորման ուղղությամբ, նախ և առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում»,- նշված է Կրեմլի հայտարարության մեջ:

Մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են նաև Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1495