ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն օգոստոսի 30-ին՝ ժամը 18:00-ին, Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնում կիրականացնի հայկական արծաթագործության ցուցադրություն:

Կցուցադրվի 3 արծաթյա գոտի՝ կրկնօրինակված պատմական Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկի՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Սուրբ Թադեոս առաքյալի վանքի բուսական, երկրաչափական, մարդկային պատկերների գեղեցիկ զարդաքանդակներից:

Արծաթագործությունը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության գանձարանում իր ուրույն տեղն ունի: Արծաթյա գոտիները զարդարել են հայկական լեռնաշխարհի տարբեր տարածքներին բնորոշ տարազները և հանդիսանում են զարդարվեստի ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուր: Յուրաքանչյուր գոտի ինքնատիպ ու կատարյալ է թե՛ պատրաստման, թե՛ նախշազարդման առումով:

Նշենք նաև, որ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» համատեղ հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում` որպես նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համադրման բնորոշ դրսևորում:

Սպասվող ցուցադրությունը նախարարության «Արծաթապար» խորագրով մրցութային դրամաշնորհային ծրագրի ամփոփումն է:

Այս ծրագիրը միտված է ոչ միայն հայկական արծաթագործական արվեստի՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորում, պահպանությանն ու կենսունակության ապահովմանը, այլև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային տարրի հանրահռչակմանն ու հայ-իրանական մշակութային համագործակցությանը: Ցուցադրության մուտքն ազատ է:

158