ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տարեցների ներուժը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» եռամսյա ծրագրի ամփոփման ձեռագործ աշխատանքների շրջիկ ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը կկազմակերպվի Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում: Այն կկայանա Տարեցների միջազգային օրվան ընդառաջ՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին:

Ծրագրի տարեց մասնակիցները ձեռարվեստի փորձառու վարպետ Արմինե Խաչատրյանի ուղղորդմամբ մասնակցել են ասեղնագործության, կարպետագործության և տիկնիկագործության ուսուցման դասընթացներին` միաժամանակ զարգացնելով ձեռարվեստի մասին իրենց փորձն ու գիտելիքները։

Ծրագրի հիմնական նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության միջոցով տարեցների ներուժի բացահայտումը, նրանց շարունակական (ցկյանս) կրթության ապահովումը, ինչպես նաև տարեցների մտավոր և ֆիզիկական առողջության` հիշողության, կոգնիտիվ ֆունկցիաների բարելավման, կոորդինացիայի, շարժողական հմտությունների պահպանման և զարգացման խթանումը:

Նշենք, որ Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսը կազմակերպվում է նոր ձևաչափով և մի հարկի ներքո է միավորելու բժիշկներին, բուժքույրերին և տարեցներին։ Կոնգրեսի խորագիրն է՝ «Տարեցների կյանքը կարևոր է». այն հիշեցում է հանրությանը, որ 63 տարեկանից՝ կենսաթոշակային տարիքից հետո, չեն սահմանափակվում նրանց հնարավորություններն ու իրավունքները, և մարդկային ռեսուրսները դեռևս կիրառելի են տարբեր ոլորտներում։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

373