

Այսօր Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի հերթական նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց ՊՇՌ թեստ հանձնելու մասին օրենքի անհրաժեշտությունը։
«14 օրը մեկ թեստավորման պահանջը վարակը զսպելու ֆիլտրներից մեկն է։ Այո, կարող էինք դնել 3 օրը մեկ, 5 օրը մեկ, 1 օրը մեկ, բայց վերցրել ենք ինչ-որ մի ռացիոնալ ինկուբացիոն շրջանի թիվ եւ խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը։ Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք եւ իհարկե հակացուցում ունեցող քաղաքացիները», - ասաց Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ հակացուցումների հետ կապված պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք ՝ հակացուցումները լինում են ժամանակավոր եւ բացարձակ հակացուցումներ։
Ավելի վաղ, Ավանեսյանը ասել էր, որ ոչինչ չի կարող բացառել վարակի տարածումը։