Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ Արարատի մարզի քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են հետևյալ պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. հունիսի 16-ի ժամը 15:45-ի սահմաններում, «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 320 կմ-ին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի հատվածում, բախվել էր «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ի վարորդը և ուղևորը, ինչպես նաև «ՎԱԶ 2121»-ի անչափահաս վարորդը՝ ծնված 2007թ., ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ 2021թ. հունիսի 16-ին ՀՀ ոստիկանության ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ինչպես նաև՝ կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ «Վազ 2121» ավտոմեքենան, մանևրելով մուտք գործելով երթևեկելի ուղեմաս, տեխնիկական տեսակետից խոչընդոտել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկությանը, ինչի հետևանքով էլ բախվել են միմյանց: Ըստ փորձագետի՝ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը թույլ է տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են ՃԵԿ-ի 36-րդ և 39-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնցով էլ պայմանավորվել է տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված տվյալների վերլուծության արդյունքները հիմք են տալիս եզրակացնել, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին ու պայմանավորված լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացմամբ, չեն դիտվում:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

158