ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Գլխավոր Ասամբլեայի մեծարգո նախագահ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ հերթական անգամ ուղերձով հանդես գալ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։

Կցանկանայի նախ շնորհավորել պարոն Աբդուլա Շահիդին Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնում ընտրվելու, ինչպես և պարոն Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ ձեր առաջնորդությամբ կաջակցեք հաղթահարել մեր առջև ծառացած ծավալուն մարտահրավերները։

Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները:

Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին: Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժ­ներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

964