Այս գիշեր Երևանում կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ հաղորդագրության` ժամը 01։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ կրակոցներ են հնչել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց։

Մինչ ոստիկաններն աշխատել են դեպքի վայրում, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ կինը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։

Դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 17 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին եղել են նաև կրակոցի հետքեր։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել է «Land Rover» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում արյան հետքեր են եղել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողին և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Դիանա Դ.-ն էր, իսկ վիրավորը՝ Վազգեն Մ.-ն։ Վերջիններս ամուսիններ են։

 

1687