Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմատեխնիկական համագործակցության մասին, մասնավորապես՝ խոսել է Ռուսաստանի համար մարտական ինքնաթիռների և շարժիչների մատակարարման մասին: Թուրք առաջնորդն անդրադարձել է նաև Անկարայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակի գնմանը։
Պետության ղեկավարը նշել է, որ չնայած Միացյալ Նահանգների մերժմանը, Անկարան մտադիր չէ հետ կանգնել С-400-ի հարցում:
«Մենք այս հարցը մանրամասն քննարկեցինք Սոչիում, քննարկեցինք պաշտպանական ոլորտում համագործակցության հետագա խթանման ուղիները: С-400-ի ձեռքբերման գործընթացը շարունակվում է, մենք հետքայլերի մասին չենք խոսում: Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առաջ տանել համագործակցությունը: Օրինակ՝ ինչ կարելի է անել նրանց համար ռազմական ինքնաթիռների և շարժիչների արտադրության առումով: Եթե դա մեզ հաջողվի, ապա մենք համատեղ քայլեր կձեռնարկենք շարժիչների վրա: Մենք կարող ենք միասին աշխատել (ռազմական) նավերի շինարարության վրա՝ ընդհուպ մինչև սուզանավեր: Հուսով եմ, որ այստեղ նույնպես համատեղ քայլեր կանենք»,- նշել է նախագահը: