
Այսօր բրիտանացի երաժիշտ, երգիչ-երգահան, հասարակական գործիչ Սթինգի ծննդյան օրն է, ով մինչև որպես սոլո կատարող հանդես գալը, հանդիսանում էր The Police անունը կրող խմբի երգերի մեծ մասի հեղինակը և բաս-կիթառահարը։ Սթինգը 1984 թվականից հանդես է գալիս որպես սոլո կատարող: Այսօր հանրահայտ երաժիշտը դարձավ 70 տարեկան:
Սթինգի երկրպագուներն ավելի քան վստահ են՝ նրա բոլոր-բոլոր երգերը, այդ թվում նրա ամենահայտնի և սիրված գործերից մեկը՝ «Shape of My Heart»-ը, սիրային են: Ինչքան էլ երգի վերնագիրը հուշում է, որ այն սիրային պետք է լինի, պարզվում է այդպես չէ: «Shape of My Heart». ստեղծագործություն, որն այդքան հայտնի ու սիրված գուցե չդառնար, եթե չլիներ Լյուկ Բեսոնի հայտնի «Լեոնը», եթե չլինեին Նատալի Փորթմանը, Ժան Ռենոն, փոքրիկ աղջնակ Մաթիլդան ու Լեոնը՜:
Ֆիլմի գլխավոր հերոսը սպանված է, աղջնակը նրա ծաղիկը ծաղկամանից հող է տեղափոխում, հնչում է «Shape of My Heart»-ը…
«Եթե ասեի, որ քեզ սիրում եմ,
Կմտածեիր, որ ինչ-որ մի բան այն չէ…
Ես միայն մեկ դիմակ եմ կրում»:
Թվում է՝ լինելով Սթինգի ամենահայտնի և սիրված երգերից մեկը, «Shape of My Heart»-ը պետք է գլխավորեր շատ և շատ հայտնի երաժշտական չարթեր… Իսկ իրականում… երգի ամենամեծ հաջողությունը դարձել է «UK Singles Chart»-ում 57-րդ տեղում հայտնվելը:
«The new times»-ին տված հարցազրույցում բոլորի կողմից սիրված երաժիշտը խոսել է գրքերի և ընթերցանության մասին:
Սթինգի ամենասիրելի ստեղծագործությունը Մարկ Տվենի «Հեքլբերրի Ֆիննի արկածները» վեպն է, որ երգչի կարծիքով սյուժեի և կերպարի իդեալական համադրություն է:
«Ինձ դուր են գալիս անձնական դրամաներով հագեցած ստեղծագործություններ` պատմական խոշոր իրադարձությունների համատեքստում: Երգ գրելը վիպասանության արվեստից տարբերվողի գործընթաց է: Բայց հետաքրքիր է տեսնել վեպեր, որոնք երգերից, բանաստեղծություններից վերցված բնաբաններով են սկսվում, ինչ-որ տեղ նրանք լրացնում միմյանց: Ես պատմողական երգեր եմ սիրում, երեք րոպեի մեջ տեղավորվող կարճ պատմություններ: Իսկ իմ սիրելի վեպերը երկար երգեր են: Ինչ է «Հարյուր տարվա մենությունը» եթե ոչ մեծ օպերա:
Այն հարցին, թե որ գրքից է ամենաշատը ազդեցություն կրել, Սթինգ պատասխանում է, Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպից:
Հնարավորության դեպքում ինչ գիրք կառաջարկեր երկրի նախագահին:
Սթինգը խորհուրդ է տալիս ընթերցել Հռոմի կայսր Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ, ուշ ստոյիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա Մարկոս Ավրելիոսի «Խորհրդածություններ» երկը:
Որ գրողին կուզեր հանդիպել և ինչպիսի հարց կուղղեր նրան:
«Շեքսպիրին և ես նրան կհարցնեի` զբոսանքների ընթացքու՞մ է ստեղծագործել թե երկար նստակյացության»,- պատասխանում է Սթինգը: