Այսօր վարչապետ Փաշինյանը եւ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հանդիպել են Լիտվայում։ Այս պահին վարչապետները ամփոփում են բանակցությունների արդյունքները։ 

Լրագրողի հարցին, թե երբ եւ որտեղ է վարչապետ Փաշինյանն ակնկալում Ալիեւի հետ հանդիպել, Փաշինյանը պատասխանեց, որ չի անհանգստանում այդ հարցով, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձ ունի կազմակերպելու երկկողմ հանդիպումներ։ 

«Կարծում եմ, որ ժամկետի եւ տեղի խնդիր չունենք, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն»,- ասաց ՀՀ վարչապետը։

Փաշինյանի խոսքով, միակ սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում։

«Իմ պատրաստակամությունը լուրջ է՝ ես վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորմանը»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ այդ հանդիպմանը հայկական կողմը պատրաստ է եղել եւ առաջին անգամ չէ, որ խոսվում է այդ մասին։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու պատրաստակամությունը եւ անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է իր հետ այդ հանդիպմանը վերցնել բոլոր քարտեզները, եթե Ադրբեջանի նախագահը վերցնի բոլոր հայ գերիներին։ Այս հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է Վիլնյուսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

2217