Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց սոցիալական փաթեթի ուղղություններն ավելացնել:

Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Գործող օրենքով` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և  նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության պահպանման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման համար տրամադրվում է սոցիալական փաթեթ:

Կառավարությունն առաջարկում է սոցփաթեթի ուղղություններն ավելացնել` հնարավորություն ընձեռելով օգտվել նաև մարզաառողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից, ինչպես նաև գումարն ուղղել պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման:

 

1221