Երեկ գրավոր ընթացակարգով ընդունել ենք որոշում ՏԻՄ ընտրություն նշանակելու վերաբերյալ: Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվա որոշում ընդունելը պայմանավորված էր ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ»,- պարզաբանեց վարչապետը:

Վարչապետ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին խնդրեց ներկայացնել որոշումը` իրազեկման նպատակով:

«Երեկ երկու որոշում ենք կայացրել: Հատկապես նկատի ունենալով, որ դեկտեմբերի 5-ին նշանակված են ընտրություններ և 60-օրյա ժամկետը պետք էր պահպանել: Այսպիսով մենք 3 օր ունենք ընտրությունների անցկացման` հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին, որի արդյունքում Հայաստանում կունենանք 79 համայնք` ներառյալ Երևանն ու Գյումրին և 5 համայնքներ, որոնք ազգային փոքրամասնություններով են բնակեցված և միավորման որևէ գործընթացի մեջ չեն ընդգրկվել: Այսպիսով մենք 79 համայնքից կունենանք 7-ը, որոնք որևէ մեկի հետ միավորված չեն, մնացած 72 համայնքը ինչ-որ կերպ միավորվել են, խոշորացվել են: Երեկ ընդունված առաջին որոշմամբ՝ 441 համայնք խոշորացրել ենք 38 համայնքների մեջ»,- ասաց նախարարը:

Սանոսյանը սկսեց թվարկել այդ համայնքները: Նիկոլ Փաշինյանը միջամտեց նախարարին. «Մի րոպե, պարոն Սանոսյան, ձեր ասածից կարող է սխալ տպավորություն ստացվի: Այսինքն՝ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու ընտրություններ: Առանձին համայնքներ խոշորացել են՝ Աշտարակ, Ապարան, Թալին համայնքները, որտեղ տեղի են ունենալու ընտրություններ սույն թվականի դեկտեմբերի 5-ին: Արարատի մարզում` Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի համայնքները, շարունակեք»,- ասաց Փաշինյանը:

754