
Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի հիմնական զեկուցողը էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն էր։ Նա ներկայացրեց, թե Հայաստանի գործարարները ինչ խնդիրներ էին ունենում ԵԱՏՄ անդամ երկրների պետական գնումներին մասնակցության եւ շուկաների հասանելիության առումով ու ինչ քայլեր են ձեռնարկվել սա ուղղելու համար։ Փոխնախարարը խոսեց նաև ԵԱՏՄ-ի կողմից ընդունված որոշման մասին, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան հավասար իրավունքներ։
Հարց ու պատասխանի ժամանակ քննարկում ծավալվեց փոխնախարարի և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջև։ «90-ականներից ՀՀ-ում սննդի արդյունաբերությունն է բավական զարգացած եղել: Փաստորեն, չենք պայքարել, որ կարողանանք սննդի մասով իրավունք ունենալ մասնակցելու, եթե իրենց բանակը կամ մնացածը «փակ, գաղտնիի» տակ չի մտնում: Եթե կան պատվերներ, մեր ինժեներները կարող են արտադրել եւ մրցունակ լինել: Ուղղակի մենք էլ պետք է այնպիսի գործիք մտածենք, որ այն արդյունաբերական ձեռնարկությունները, որոնք կարող են, բայց տեղյակ չեն, որ կարող են վաճառել ԵԱՏՄ երկրներին, տեղյակ լինեն»,- շեշտեց Սուքիասյանը։ Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք տնտեսվարողների համար կա թվային տեղեկատվություն մասնակցության համար, բացի այդ՝ արդյոք էկոնոմիկայի նախարարությունը կարող է կոնստուլտացիաներ անցկացնել տնտեսվարողների հետ, որպեսզի նրանք սխալ չգրանցվեն:
Հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը նշեց, որ թվայնացված է մասնակցության համար նախատեսված տեղեկատվությունը և գտնվում է Էկոնոմիկայի նախարարության կայքէջում։
Սուքիասյանը անդրադարձավ նաև Հայաստանում IT ոլորտին։ Նա նշեց, որ երկրում ծրագրավորման ոլորտի 4 տարբեր հարթակներ կան։ Առաջինը՝ հայաստանյան մասնաճյուղերն են, երկրորդը՝ ուղղակի գրանցված IT ձեռնարկություններն են, որոնց հաշվապահական հաշվառումը կատարվում է ՀՀ-ում, երրորդ ուղղությունը freelance-ն է, իսկ վերջինը IT մասնագետներն են, որոնք աշխատում են այս կամ այն կազմակերպությունում։
Ներկայացնելով սա՝ Սուքիասյանը ճշտեց, թե ինչպես պետք է աշխատի մեր IT ոլորտը միության ընդհանուր թվային համակարգում։ Սրան ի պատասխան՝ փոխնախարարը շեշտեց, որ ԵԱՏՄ թվային օրակարգում ընդհանուր համակարգը որոշակի սահմանափակումներ կունենա 3-րդ երկրների համար, սակայն սա հնարավորություն կտա միության 5 երկրների թվային ոլորտի արագ զարգացմանը։
Սուքիասյանը հավելեց, որ կարևոր է, որ հայկական IT կազմակերպությունները տեղյակ լինեն, թե հիմնական հարթակը ինչ սկզբունքով է ստեղծվելու, որ ապագայում խնդիր չառաջանա դրանց աշխատանքների պիտանելիության հետ կապված։
«Ծրագրերը, որոնք հիմա կտոր-կտոր վաճառվում են, ապագայում դրանք կարող են պիտանի չլինել և չաշխատել եվրասիական հարթակի համար։ Դրա համար ցանկալի կլինի դա առաջ գցել՝ հասկանալու համար ինչպիսին է լինելու այն և ովքեր են ստեղծողները լինելու, որպեսզի մեր կազմակերպությունները գնան և աշխատեն մեծ համակարգում»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։
Պատգամավորը նաև շեշտեց, որ մենք մեր տնտեսվարողների հետ չենք աշխատել, նրանց վիաճակագրություն չենք տվել և չենք ուղղորդել. «Մենք մասնակցելու խնդիր ունենք, ռիսկի խնդիր ունենք, թղթաբանության խնդիր ունենք»։