Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսեց Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ու դրա շրջանակում հանդիպումների մասին:

«Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել է մեր ռազմագերիների հարցը: Քննարկվել է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի կատարումը: Մեր ռուս գործընկերների մոտ կա իրավիճակի հստակ ընկալում, և այն իրավիճակի գնահատականները, որ մենք ունենք, գրեթե ամբողջությամբ կիսում են մեր ռուս գործընկերները: Այդ հարցերի լուծման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը ես այնտեղ տեսել եմ: Վստահեցնում եմ՝ մոտ ապագայում մենք նաև շոշափելի կտեսնենք այդ պատրաստակամությունը Ռուսաստանի դիրքորոշման և գործողության մեջ: Հիմա էլ կարող եմ փաստել, որ թե՛ պատերազմից հետո, թե՛ պատերազմի ժամանակ Ռուսաստանի դերակատարումը բավականին մեծ է եղել, կարելի է ասել՝ որոշ դեպքերում ամենաորոշիչը»,- ասաց Սիմոնյանը:

Շարունակելով ռազմագերիների վերադարձի թեման՝ Սիմոնյանը նշեց, որ հանդիպումների ժամանակ նաև կոնկրետ անձանց մասին քննարկումներ են տեղի ունեցել:

«Կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա կա: Ցավոք, ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը: Այսօր նաև հանդիպում ունեմ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, այդ հարցը պետք է քննարկեմ նրանց հետ: Ձեզ վստահեցնում եմ, որ դա մեզ համար առաջնային հարց է: Մեծ հույսեր ու վստահություն ունեմ, որ «ռազմագերի» հասկացությունը կթողնենք անցյալում»,- ասաց Սիմոնյանը:

1lurer.am

1251