
AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Արմեն Մնացականյանն է:
Արմեն, ինչպե՞ս որոշեցիք ընդունվել Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Ըստ Ձեզ, բժշկությունը կոչո՞ւմ է, թե՞, այնուամենայնիվ, մասնագիտություն:
Գիտեք, բժշկությունը սիրել եմ դեռ մանկուց։ Մայրս բուժաշխատող է, ամեն անգամ նրան համազգեստով տեսնելիս, երազում էի, որ մի օր ես էլ կրեմ բժշկի խալաթ, և հենց դա պատճառ հանդիսացավ, որ տարիներ առաջ ընդունվեցի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ։
Այո, միանշանակ բժիշկ լինելը կոչում է։ Քանի որ բժշկի մասնագիտությունը մարդասիրական մասնագիտություն է, ուստի բժիշկը պետք է օժտված լինի մարդկային բարձր արժանիքներով, քանի որ դա ոչ միայն մասնագիտություն է, այլև ապրելակերպ, որը քեզ ուղեկցում է ողջ կյանքի ընթացքում։
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի բոլո՞ր շրջանավարտներն են հետագայում իրենց մասնագիտությամբ աշխատում: Կա՞ն դիպլոմավորված բժիշկներ, որոնք այլ ոլորտներում են աշխատում: Եթե այո, որո՞նք են այդ ոլորտները:
Քանի որ մեր համասարանը միջազգային է և հանդիսանում է տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը, ուստի, մեր շրջանավարտներն ավարտելով համալսարանը, կարողանում են հեշտությամբ կերտել իրենց մասնագիտական կարիերան թե՜ Հայաստանում, թե՜ արտերկրում։
Այնուամենայնիվ, բժշկին ավելի շատ տեսակա՞ն, թե՞ գործնական գիտելիքներն են «օգնության ձեռք» մեկնում՝ մասնագիտական գործունեությունը ծավալելիս:
ՀՀ֊ում համավարակի և ռազմական դրության հետ կապված, իրականացրել եմ բժշկական կամավորական աշխատանքներ տարբեր կլինիկաներում, և անձամբ իմ փորձից կարող եմ ասել, որ բանիմաց և պրոֆեսինալ բժշկի կայացման համար, կարծում եմ, երկուստեք շատ կարևոր են տեսական գիտելիքների հիման վրա կառուցված պրակտիկ հմտությունները։
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում մասնագիտական գրականության հետ կապված խնդիրների հանդիպու՞մ եք: Որո՞նք են այն աղբյուրները, որոնցից հիմնականում օգտվում է ապագա բժիշկը:
Մեր համալսարանում գործում է գրադարան, որը հագեցած է մասնագիտական գրականությամբ, ուստի ուսանողներն օգտվում են համալսարանում գործող գրադարանից։
Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի շրջանավարտը տիրապետու՞մ է արդյոք համապատասխան հմտությունների՝ արտերկրում իր մասնագիտական գործունեությունը ծավալելու համար:
Քանի որ մեր պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած է ոլորտի լավագույն ներկայացուցիչներից, որոնք նաև պրակտիկ բժիշկներ են, ուստի մեր համալսարանում ուսանողներն ստանում են միջազգային ստանդարտներին համապատասխան տեսական և գործնական հմտություններ։
Ո՞ր ուղղությամբ եք ուզում մասնագիտանալ. հիմնավորեք, խնդրեմ, պատասխանը:
Գիտեք, բժշկական բոլոր մասնագիտություններն էլ, անշուշտ, շատ կարևոր են, սակայն ես կառանձնացնեմ վիրաբուժությունը, որովհետև շատ եմ սիրում միջամտական բժշկությունը, ուստի կընտրեմ օնկովիրաբուժությունը։
Գործնական պարապմունքների (պրակտիկայի) ընթացքում եղե՞լ է դեպք, որ վախեցել եք ու զղջացել, որ բժշկի մասնագիտությունն եք ընտրել:
Ընդհակառակը, գործնական պարապմունքների ընթացքում ավելի ու ավելի եմ համոզվել, որ որոշումս միանշանակ ճիշտ է, ես հպարտությամբ եմ կրում բժշկի խալաթը և երբեք չեմ փոշմանի, որ ընտրել եմ բժշկի ուղին։
Արմեն, կխոսե՞ք Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում ուսանողական կյանքի առանձնահատկություններից:
Քանի որ հանդիսանում եմ համալսարանի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահը, ուստի քաջատեղյակ եմ բուհի ուսանողական կյանքից, իսկ համալսարանի ղեկավարությունն էլ ուսանողների համար բարեկեցիկ պայմաններ է ստեղծում, ապահովելով նրանց ժամանակակից նյութատեխնիկական բազայով և բանիմաց, գիտակ պրոֆեսորադասախոսական կազմով, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում մեզ որպես գրագետ և պրոֆեսիոնալ բժիշկների կրթելու և դեպի կյանք ճանապարհելու համար։
Լեզուների թերի իմացությունն ուսումնառության ընթացքում կարո՞ղ է լրջագույն խոչընդոտ հանդիսանալ ապագա բժշկի համար:
Այո, անշուշտ, շատ կարևոր է ապագա բժշկի համար օտար լեզուների վարժ տիրապետումը:
Ուսումից աշխատանքի անցման փուլում ի՞նչ բարդությունների է հանդիպում շրջանավարտը:
Կարծում եմ, որ եթե ապագա բժիշկն իր մեջ ունի աշխատասիրություն, ձգտում և նվիրվածություն իր մասնագիտությանը, ապա այդ պարագայում յուրաքանչյուր դժվարություն հեշտությամբ հաղթահարելի է։
Օլյա Շահինյան